Մի հավատացյալ քույրիկի որդի, որ սկզբում կիրակնօրյա դպրոց էր հաճախում, մեծանալով՝ չար ընկերակցությամբ է տարվում: Նա նավաստի է դառնում ու հաճախ է նավարկում հեռուներում:
Մի գիշեր հավատացյալ մայրը հանկարծ արթնանում է և տղայի համար աղոթելու պահանջ է զգում: Աղոթում է այնքան ժամանակ, մինչև հանգստանում և քնում է:
Այդ ժամանակ օվկիանոսի վրա մեծ փոթորիկ է լինում, և նավի կայմերից մեկը կոտրվում է: Նավապետը հրամայում է, որ այն կտրեն ու նետեն: Մինչ նավաստիներն աշխատում էին, հսկա մի ալիք հարվածում է տղային և օվկիանոսի մեջ նետում: Տղայի մտքով փայլակի պես սա է անցնում. «Եթե ես հիմա մեռնեմ, հավիտյան կորած եմ»: Այդ պահին նա հիշում է պատանի եղած ժամանակ կիրակնօրյա դպրոցում իրենց երգած հետևյալ տողերը.
«Թողություն կա քեզ, եթե Խաչյալին նայես:
Կյանք կա քեզ համար, ուստի Նրան նայիր,
ով մեղավոր, նայիր ու փրկվիր»:
Տղան սկսում է աղաղակել. «Ո՜վ ողորմած Աստված, ես նայում և հավատում եմ Հիսուսին, փրկի՛ր ինձ»: Հետո նա գիտակցությունը կորցնում է: Մի ուրիշ ալիք նրան նորից գցում է նավի տախտակամածին: Նավաստիները ուշքի են բերում նրան: Երբ նա ուշքի է գալիս, նրա առաջին խոսքը սա է լինում. «Գոհություն Աստծուն, ես փրկված եմ»:
Երբ տղան տուն է գալիս, մորն ասում է. «Մա՛յրիկ, ես փրկվեցի», և պատմում է իր հետ կատարվածը: Մայրը հիշում է, որ դա այն պահին է եղել, երբ ինքը տղայի համար աղոթում էր:
Ա.Չոպանյան, «Զմայլելի դրվագներ»