Նիագարա գետի ափին, այնտեղ, որտեղից սկիզբ է առնում Նիագարայի ջրվեժը, ուր ջուրը հավաքվելով դառնում է փրփրադեզ ու խռովահույզ, իսկ ապա արագընթաց հոսում ցած, կանգնեցված է մի ցուցանակ: Այն բոլորին զգուշացնում է, որ դրանից այն կողմ ջրվեժն է և նավարկել չի կարելի: Ցավոք, եղել են դեպքեր, երբ ցուցանակը անտեսելու պատճառով մարդիկ զրկվել են իրենց կյանքից:
Այնպես էր պատահել նաև երկու երիտասարդների հետ. նրանք վտանգը նկատել էին միայն ցուցանակն անցնելուց հետո, բայց արդեն ուշ էր եղել: Փորձել էին թիավարելով փախուստ տալ, սակայն բոլոր ջանքերն ու օգնության ճիչերը ապարդյուն էին անցել: Նրանք մի ակնթարթում ընկղմվել էին ջրերի հորձանուտի մեջ և խեղտվել:
Այս պատմությունը մեր «կյանքի գետի» ճիշտ արտացոլումն է: Բոլորիս` մեծ ու փոքր, երիտասարդ ու չափահաս, հարուստ ու աղքատ, «նավարկում ենք այդ գետով»: Նավարկում ենք առանց մտահոգվելու, թե որտեղ է վերջանալու մեր նավարկությունը: Նա, որ դեռևս փրկված չե, հավիտենական դատապարտության ճանապարհին է. Ունի չխոստովանած մեղքեր, ուստի չի կարող երկինք գնալ:
Աստված իր Որդուն այս աշխարհ ուղարկեց, որպեսզի իր վրա առնի մեր մեղքերը և մեզ քավություն տա: Ծով համբերությամբ նա մարդկանց շարունակ ցույց է տալիս, փրկության միակ ուղին:
Հիսո՛ւսն է փրկության միակ ուղին: