Աֆրիկայի մահմեդականների մեջ գործող մի միսիոներ իր մեքենայով և օգնական մահմեդական մի պատանու հետ ճամփորդում էր: Ճանապարհին միսիոներն սկսում է քրիստոնեական հավատի մասին խոսել, սակայն խոսքերը տղայի վրա ոչ մի ազդեցություն չեն գործում: Քիչ անց մեքենան փչանում է, և ստիպված երկուսով սկսում են նորոգել: Այդ պահին գալիս է բեռնատար մի մեքենա` վրան երկու աֆրիկացիներ: Միսիոներն ու պատանին ձեռքով կանգնելու նշան են անում նրանց, բայց վերջիններս չեն կանգնում:Մեծ ջանքերով նրանք վերջապես աշխատեցնում են իրենց մեքենան և շարունակում ճանապարհը: Ճանապարհին տեսնում են, որ իրենց մերժող աֆրիկացիների բեռնատար մեքենան ցեխի մեջ է մխրճվել և չի կարողանում դուրս գալ:
Պատանին ասում է.
- Հիմա վրեժ լուծելու առիթը մերն է, իրենց արածի համեմատ հատուցենք:
Միսիոներն ասում է.
- Ո՛չ, նրանք նեղության մեջ են, կանգնենք և օգնենք:
Երբ կանգնում են և օգնում, պատանին միսիոներին ասում է.
- Հիմա հասկանում եմ այն, ինչ ամբողջ ճանապարհին ջանում էիր ինձ բացատրել:
Այդ դեպքը պատճառ է դառնում, որ մահմեդական պատանին քրիստոնյա դառնա: