Մի մարդ Սուրբ Ծնունդը կարևոր տոն չէր համարում: Իհարկե, նա բարի ու կարգապահ մարդ էր, մեծահոգի ու սիրող հայր իր ընտանիքի համար, ազնիվ՝ փոխհարաբերություններում:
Սակայն… Նա չէր հավատում այն ամենին, ինչ ասվում էր եկեղեցում Սուրբ Ծնունդի մասին: Եվ նա չափից դուրս ազնիվ էր, որ ձևացներ, թե իբր հավատում է: «Ես չեմ ուզում քեզ վշտացնել,- ասում էր նա իր կնոջը, ով հավատացյալ էր ու պարբերաբար եկեղեցի էր հաճախում,- բայց ես, պարզապես, չեմ կարողանում հասկանալ ու ընդունել, որ Աստված ծնվել է որպես մարդ»:
Սուրբ Ծննդյան երեկոյին կինը երեխաների հետ գնում է եկեղեցական ծառայության, իսկ ամուսինը հրաժարվում է նրանց հետ գնալ: «Ես ինքս ինձ երեսպաշտ կզգամ,-ասում է նա,- ավելի լավ է տանը մնամ և ձեզ սպասեմ»:
Շատ չանցած սկսում է ձյուն գալ: Նա մոտենում է պատուհանին և տեսնում, որ փաթիլները գնալով մեծանում են. «Դե ինչ, եթե մեզ մոտ Սուրբ Ծնունդ է լինելու, թող այն ճերմակ լինի»: Նա ետ է վերադառնում բուխարու մոտ ու սկսում թերթ կարդալ: Եվ մի քանի րոպե անց մի խուլ ձայն է լսվում, ապա կրկնվում է այդ ձայնը, կարծես մեկը ձնագնդիկներով հարվածում էր դռանը:
Երբ նա բացում է դուռը, որ իմանա, թե ինչ ձայներ են դրանք, նա տեսնում է մեկտեղ հավաքված թռչուններ: «Հավանաբար, վատ եղանակի պատճառով նրանք տեղ չեն գտել թաքնվելու և թաքստոց գտնելու նպատակով փորձում են պատուհանից ներս թռչել: Ախր չեմ կարող թույլ տալ, որ նրանք սառչեն: Ինչպե՞ս օգնեմ նրանց»,- մտածում է մարդը:
Եվ նա հիշում է ցախատան մասին, որտեղ ձիերն էին: Այնտեղ բավականին տաք էր: Նա արագ շոր է գցում իր վրա և դուրս գալիս, բացում ցախատան դուռը, սակայն թռչունները չեն գալիս այդ կողմ: Մարդն անգամ հաց է փշրում և լցնում ճանապարհին, որ նրանք գան այդ ուղղությամբ: Սակայն մեկ է, նրանք ուշադրություն չեն դարձնում ու չեն գալիս դեպի ցախատուն:
«Հավանաբար, ես նրանց մի տարօրինակ ու վախենալու մեկն եմ թվում,- մտածում է նա,- ինչպե՞ս հասկացնեմ նրանց: Եթե ես կարողանայի թռչուն դառնալ մի քանի րոպեով, ես նրանց կբերեի անվտանգ վայր»: Հենց այդ պահին, երբ նա մտածում է այդ մասին, լսվում են եկեղեցական ղողանջները:
Նա անշարժանում է՝ լսելով զանգերի ձայնը, որն ավետում էր Սուրբ Ծնունդի բարի լուրը: Կարծես լույս է վառվում նրա գլխի մեջ, սկսում է հասկանալ այն, ինչ մինչ այժմ անհավանական էր համարում: Նա ծնկի է գալիս ուղիղ ձյան վրա և շշնջում.
-Այժմ ես հասկանում եմ, հիմա ես գիտեմ, Հիսո՛ւս, թե ինչու Դու արեցիր դա: