1890 թվաին Ռայն քաղաղում մի կին որոշել էր սպանել ամուսնուն լոկ այն պատճառով, որ վերջինս դարձի էր եկել: Այդ բանը խիստ զայրույթ էր առաջ բերել նրա մոտ: Ո՛չ հորդորները, ո՛չ սպառնալիքները ամուսնուն ետ չէին պահում Քրիստոսի հանդեպ ունեցած հավատից: Մի օր էլ վճռեց իրագործել իր մտադրությունը: Դարանակալեց ամուսնու ճանապարհին՝ հաստ դանակով զինված:
Որոշ ժամանակ անց երևաց ամուսինը: Նա գնում էր քրիստոնեական պաշտամունքի, սակայն մենակ չէր. նրան ուղեկցում էին երկու ընկեր: Կինը որոշեց սպասել ամուսնու վերադարձին: Բայց քիչ անց հորդառատ անձրև սկսեց: Շրջակայքում ծածկ չկար, մոտակա տեղը աղոթքաժողովի դահլիճն էր, և կինը որոշեց անձրևից պատսպարվել նախասրահում: Պաշտամունքը նոր էր սկսվել: Քարոզչի խոսքերը նախասրահում լավ լսվում էին: Դրանք սուր նետի պես խոցում էին կնոջ սիրտը: կամաց-կամաց հստակորեն նա պատկերացրեց այն ահավոր վիճակը, որում ինքը գտնվում էր: Երբ պաշտամունքն ավարտվեց, կինը մտավ դահլիճ՝ դանակը ձեռքին: Բոլորի ներկայությամբ նա պատմեց իր չար դիտավորության մասին, խոստովանեց, թե ինչն էր իրեն այդտեղ բերել: Հավատացյալներն աղոթեցին նրա համար.
«Բայց ուր որ ավելի եղավ մեղքը, այնտեղ ավելի եվս շատացավ շնորհքը»։ Հռովմ. 5.20:
Ամուսնու հետ տուն էին դառնում: Կնոջ աչքերում զղջման արտասուքներ կաին, սրտում՝ խաղաղություն: Աստծո Գառան արյամբ նա էլ փրկություն և խաղաղություն էր գտել: