Ամայության մեջ մի սուրբ էր ապրում: Ապրում էր առանց մեղքի ու առավոտից գիշեր աղոթում էր Աստծուն: Բայց մշտապես, ամեն գիշեր նրա մոտ էր գալիս սատանան ու համոզում, որ մեղք գործի. սուրբին հանգիստ չէր տալիս:
Մի անգամ էլ գալիս է ու ասում.
- Սո՛ւրբ, ես էլ քեզ մոտ չեմ գա, եթե միայն մի մեղք գործես: Ընտրի՛ր. կա՛մ մարդ ես սպանում, կա՛մ քնում մի կնոջ հետ, կա՛մ հարբում:
Սուրբն ընկնում է մտքերի մեջ: Նա մտածում է. «Մարդ սպանելը սարսափելի մեղք է: Ո՛չ, ես դա չեմ անի: Քնել կնոջ հետ… Բայց ես մաքուր եմ և երբեք կին չեմ ճանաչել: Հարբել…Կարծես` ամենաչնչին մեղքն է: Կարելի է և մի անգամ դա անել»:
Եվ ասում է սատանային.
- Լավ, ես ընդունում եմ քո պայմանները: Ես կհարբեմ, ու դու էլ ինձ մոտ չես գա:
-Համաձայն եմ,- ասում է սատանան ու անհետանում:
Սուրբը գալիս է քաղաք, վաճառում իր ձեռագործները և գնում պանդոկ, որտեղ էլ մի լավ հարբում է: Մի կնոջ է հավանում և քնում հետը: Շուտով գալիս է կնոջ ամուսինը, նրանք կռվում են, և կռվի ժամանակ սուրբը սպանում է ամուսնուն:
Այսպիսով՝ սուրբը գործում է բոլոր երեք մեղքերը, իսկ սատանան ծիծաղում է նրա վրա:
Մի հավատացեք սատանայի ստերին, քանզի Տեր Հիսուս ասաց. «...Որովհետև ստախոս է, և ստության հայրը»: (Հովհ. 8:44)