«Վասն զի ծածուկ բան մը չկա, որ չհայտնվի. և գաղտուկ բան մը չէ եղած, որ երևան չելլէ» (Մարկ. 4:22):
Այս Խոսքն ինձ համար ճշմարիտ և իրական է, որովհետև ոչ միայն հավատացել եմ այս Խոսքին, այլ այն կատարվել է իմ կյանքում:
1992 թ. ամռանն էր: Ամուսնուս ազգականը, որն իր ընտանիքով ապրում էր Ուկրաինայում, մահացավ, և ընտանիքը նրան բերեց Հայաստան` հուղարկավորելու: Մահացածի տղային` Հայկին, որը 17 տարեկան էր, հյուրընկալեցինք մեր տանը: Ամառվա շոգին չդիմանալով, նա բացում էր մեր տան բոլոր պատուհաններն ու դռները, անգամ բաց էր թողնում տան դրսի դուռը, և միջանցիկ քամին ամբողջ օրը պտտվում էր տան մեջ:
Ես վախենում էի, որ երեխաներս կմրսեն, բայց անհարմար էի զգում նրան արգելել` մտածելով հյուրին չնեղացնել: Հաջորդ օրը Հայկը տղայիս տարավ պատշգամբ և սկսեց խաղալ նրա հետ: Հանկարծ նա բարձրացրեց տղայիս, մի ձեռքով բռնեց երկու ոտքերից ու գլխի վրա կախած պահեց օդի մեջ, այն էլ պատշգամբից դուրս, 8 հարկ բարձրության վրա (մենք ապրում էինք 8-րդ հարկում): Այդ ժամանակ ես միջանցքում էի և երբ տեսա, որ տղայիս կախել է պատշգամբից դուրս, սիրտս նվաղեց, որտքերս թուլացան, շունչս պահած, վախը սրտիս մեջ, սառած հայացքով նայում էի ու վախենում էի ձայն հանել: Չեմ կարող ասել, թե որքան տևեց այդ սարսափազդու պահը, բայց, փառք Աստծուն, Հայկը ետ վերադարձրեց տղայիս ու իջեցրեց գետնի վրա: Ես փառք տվեցի Աստծուն, որ երեխայիս փրկեց մահից, Հայկին չնախատեցի և ամուսնուս էլ չպատմեցի այդ «սարսափ» խաղի մասին: Մի քանի օր հետո տղայիս ջերմությունը բարձրացավ, քանի որ մրսել էր: Ես նրա հետ տեղափոխվեցի հիվանդանոց, որտեղ երեխայի մոտ հայտնաբերվեց սուր բրոնխիտ և թոքաբորբ հիվանդությունը: Երբ սկեսուրս հարցրեց, թե ամառվա շոգին ինչպես մրսեց երեխան, ես նրան պատմեցի կատարվածի մասին, բայց վախենալով անախորժ խոսակցություններից, խնդրեցի նրան որ ոչ ոքի չասի այդ մասին: Սկեսուրս չդիմանալով` ասում է Հայկի մորը, մայրը հարցնում է Հայկին, իսկ նա ասում է, թէ նման բան չի եղել: Հայկի մայրը, որը վշտի մեջ էր ամուսնու մահվան պատճառով, գնում է գուշակի մոտ: Գուշակը նրան ասում է. «Ձեր բարեկամների մեջ մի երիտասարդ կին կա, որի երեխան հիվանդ է, նա քեզ համար վատ բան է խոսել, այդ պատճառով էլ նրա երեխան հիվանդացել է, լավ կլիներ, որ իրեն չար բան պատահեր, ոչ թէ երեխային»: Այս խոսքը լսելով` Հայկի մայրը չարանում է իմ դեմ և լցվում է ատելությամբ` հաստատ համոզվելով, որ ես զրպարտել եմ Հայկին: Այդ ընթացքում մենք գտնվում էինք հիվանդանոցում, բայց մեզ չայցելեցին ոչ Հայկը, ոչ էլ նրա մայրը:
Երկար բուժումներից հետո տղայիս հետ վերադարցանք տուն: Ես փառք տվեցի Աստծուն, որ երեխաս ողջ մնաց, և Աստված կատարեց ևս մի հրաշք` իմ հիշողությունից ջնջեց ամեն բան, և ես մոռացա Հայկի արածները: Ես նույն սիրով ու հարգանքով էի վերաբերվում այդ ազգական ընտանիքի հետ, նույնիսկ նվերներ էի ուղարկում նրանց (նրանք ապրում էին Ուկրաինայում):
Տարիներ հետո Հայաստան եկավ Հայկի մայրը: Ամուսնուս հետ նրան հյուրընկալեցինք մեր տանը, տարանք տեսարժան վայրեր, կազմակերպեցինք հյուրասիրություններ: Ես նրան վկայեցի Աստծու մասին և խնդրեցի, որ կարդա Ավետարանը: Նա ինձ լսում էր սառած ու կասկածամիտ հայացքով, իսկ ես չէի հասկանում դրա պատճառը, քանի որ բոլորովին մոռացել էի այն դեպքի մասին և չգիտեի, որ այդ կինը ատում է ինձ: Երեք օր հյուրընկալելուց հետո, նվերներով ճանապարհեցինք նրան:
Անցավ ևս մի քանի տարի: Մենք ընտանիքով հանգստանում էինք Ուկրաինայի առողջարաններից մեկում: Մի օր, երբ աղոթք էի անում, իմ մեջ ցանկություն առաջացավ այցելել Հայկենց տուն: Աղջկաս հետ միասին գնացքով ուղևորվեցինք դեպի նրանց քաղաքը: Տեղ հասանք կեսգիշերին: Մեզ դիմավորելու էր եկել Հայկը, որն արդեն 33 տարեկան հասուն տղամարդ էր: Նա մեզ տարավ իր մոր տուն, իսկ ինքը գնաց իր տուն: Մենք երկու օր մնացինք այնտեղ: Ես նրանց ընտանիքի բոլոր անդամների համար Ավետարաններ էի տարել: Խոսում էի Աստծու մասին ու հորդորում էի, որ կարդան: Երկրորդ օրը երեկոյան գնացքով պետք է վերադառնայինք առողջարան, բայց հանկարծ առջիկս սկսեց վատ զգալ, և ջերմությունը բարձրացավ: Աղոթք արեցի, որ Աստված աղջկաս բուժի, որպեսզի գնանք մեր ճանապարհը, բայց նրա վիճակը գնալով վատացավ: Գնացքի տոմսը ետ վերադարձնելուց հետո, աղջկաս վիճակը կտրուկ լավացավ: Ես հասկացա, որ այդ հիվանդությունը Աստված թույլ տվեց, որպեսզի մենք մնանք այդտեղ, բայց թե Աստված ինչ էր պատրաստել մեզ համար, ես դա չէի հասկանում:
Հաջորդ առավոտ, նախաճաշից հետո, երբ զրուցում էինք Հայկի մոր ու քրոջ հետ, եկավ Հայկը, համբուրեց ինձ և ասաց. «Հարսիկ ջան, ես քո ցավը տանեմ, ապրես որ եկար: Հիշու՞մ ես, որ ես մնում էի ձեր տանը, հիշու՞մ ես, ոնց մի օր Հարութին կախեցի 8-րդ հարկի բալկոնից»: Այս խոսքը ցնցեց թե՛ մորը, թե՛ քրոջը, և երկուսը միասին բղավեցին. «Ուրեմն դա ճի՞շտ է, ուրեմն դու արե՞լ ես այդ բանը»: Հայկը սկսեց կմկմալ և ասաց. «Այո՛»: Սկսվեց մի խառնաշփոթ վիճաբանություն: Մայրը ասում էր. «Եթե դու իրոք արել էիր, ես պետք է ներողություն խնդրեի Սուսանից»: Քույրը ասում էր. «Եթե դու իմ երեխային այդպես անեիր, գիտե՞ս թե քեզ ինչ կանեի», և դիմելով ինձ ասում էր. «Հարսիկ ջան, բա դու ո՞նց ես դիմացել ու ոչինչ չես ասել, ես չէի դիմանա»: Մայրը պատմում էր գուշակի ասածն ու զարմացած ասում էր. «Ինչպե՞ս կարող է պատահել, չէ՞ որ գուշակն ուրիշ բան ասաց»:
Ես հանկարծակի եկած ու ապշած լսում էի, կարծես այս ամենը ուրիշի մասին լիներ: Այդ դեպքից անցել էր 16 տարի, և այդ տարիների ընթացքում ես ոչ մի անգամ չէի հիշել այդ մասին: Աստված Ինքն էր ջնջել ամեն բան, և Ինքն էլ հիշեցրեց` հենց Հայկի միջոցով: Մինչ մայրն ու քույրը բարկանում էին Հայկի վրա, ես աղոթում էի. «Աստված իմ, Դու զարմանալի բան արեցիր, իսկ հիմա ես ի՞նչ պետք է անեմ»: Աղոթքի պահին Աստված միտքս լուսավորեց, և ես հասկացա, որ այդ ամենը սատանայի ծրագիրն էր, և Հայկի միջոցով նա էր ուզում ինձ դժբախտացնել: Տեսնելով, որ մայրն ու քույրը չեն դադարում Հայկին նախատելուց, և Հայկն ընկել էր նեղ դրության մեջ, փորձեցի նրան հանել այդ վիճակից. «Հայկ ջան, ես գիտեմ, որ դու երբեք մեզ վատ բան չէիր ցանկանա, դա սատանան քեզ դրդեց, որ այդ բանը անեիր, բայց իմ Աստվածը երեխայիս փրկեց մահից: Գուշակը նույն սատանայի ծառան է, նա ստեց, որովհետև նրա տերը` սատանան ստախոս է, չարագործ ու բանսարկու և տեսնելով, որ չկարողացավ ինձ վնասել, ավելի բարկացավ ու չարախոսեց իմ մասին»: Հայկը, կարծես, ազատվելով նախատինքներից, անմիջապես ասաց. «Ճիշտ ես ասում, հարսիկ ջան, չարը ինձ դրդեց, որ ես Հարութին կախեի բալկոնից, և եթե Աստված չպահեր, նա իրեն թափ կտար, և ես վախից նրան բաց կթողնեի ձեռքիցս»: Խոսակցությունը երկար շարունակվեց, բայց արդեն Աստծու սիրո և ամենակարողության մասին: Նրանք հասկացան, որ Աստված ամենատես է, ամենագետ, ողորմած և կարող է խափանել սատանայի ծրագրերը: Խոսակցության ամբողջ ընթացքում մեզանից յուրաքանչյուրն անընդհատ փառք էր տալիս Աստծուն: Երեկոյան մենք սիրով ջերմությամբ բաժանվեցինք իրարից: Հայկը մեզ տարավ երկաթուղային կայարան ու ճանապարհեց դեպի առողջարան: Ես և աղջիկս գնում էինք գնացքով և զարմացած խոսում էինք Աստծու կատարածի մասին:
Շնորհակալ եմ Աստծուց, որ Նա ոչ միայն փրկել էր մեզ չարիքից, այլ նաև ի լույս հանեց խավարի գործերը և իմ վրայից վերցրեց անտեղի ատելությունն ու նախատինքը: Այս ամենը շատ ուսանելի եղավ, և ինձ համար բացվեցին Աստծու Խոսքի շատ խորհուրդներ: Ես հիմա կատարելապես հանձնված եմ Աստծուն և կյանքի ցանկացած իրավիճակում վստահում եմ Նրան: Նա է իմ Փրկիչը, Նա է իմ Դատավորը, Նա է ինձ Արդարացնողը: Ես ամեն պարագայում նայում եմ միայն Նրան և ինձ հարազատ է Նրա Խոսքը՝
«Ինծի մտիկ ըրեք, ո՛վ արդարություն ճանչցողներ և Իմ օրենքս ձեր սրտին մեջ պահող ժողովուրդ. մարդոց նախատինքեն մի՛ վախնաք, անոնց բամբասանքեն մի՛ զարհուրիք» (Ես. 51:7):
Սուսաննա Սարգսյան