Չինաստանի փոքր ագարակներից մեկում ապրում էր մի հողագործ մարդ իր երեք որդիների հետ: Ավագ որդին մեծացավ և լքեց ագարակը: Նա տեղափոխվեց մի մեծ քաղաք և դարձավ խոշոր գործարար: Երկրորդ որդին էլ մեծացավ և լքեց ագարակը: Նա սկսեց աշխատել կառավարությունում և դարձավ քաղաքական մեծ գործիչ: Իսկ երբ մեծացավ կրտսեր որդին, որոշեց հողագործ դառնալ: Նա գնեց փոքրիկ ագարակ, որը մի քանի կիլոմետր էր հեռու հոր ագարակից: Հայրը կարոտում էր որդիներին:
Նա ծերանում էր և միշտ միայնակ էր: Որդիները շատ զբաղված էին, չէին այցելում իրենց ալևոր հորը:
Երբ ծեր ագարակապանը դարձավ յոթանասունհինգ տարեկան, նրա ընկերները որոշեցին նշել ծերունու տարեդարձը: Շատերն էին հրավիրված, նաև՝ նրա որդիները: Հայրը շատ ոգևորված էր, քանի որ տեսնելու էր որդիներին:
Այդ օրը ծերունին անհամբեր սպասում էր նրանց: Վերջապես տեսավ, որ մի կառք է երևում հեռվում: «Սա իմ ավագ որդին է», - ինքնիրեն ասաց ծերունին: Բայց երբ կառքը մոտեցավ, նա հիասթափվեց. կառքում միայն ավագ որդու կինն էր:
- Որդիս չի՞ գալու, - հարցրեց ծերունին:
- Հայրի՛կ, նա շատ զբաղված է, - պատասխանեց հարսը, - բայց քեզ համար հրաշալի նվեր է ուղարկել: Նա քեզ համար նոր տուն է գնել գյուղում: Այն շատ ավելի գեղեցիկ է, քան այս ագարակը:
- Սա հիանալի նվեր է, - տխրությամբ ժպտաց ծերունի ագարակապանը:
Հենց այդ պահին նա տեսավ, որ մեկ այլ կառք է մոտենում: Դա պետք է որ երկրորդ որդին լիներ, բայց կառքում միայն երկրորդ որդու կինն էր:
- Որդիդ չկարողացավ գալ, բայց քեզ նվեր է ուղարկել: Բարի վայելում,
- ասաց երկրորդ հարսը: - Նվերը մի գեղեցիկ կառք է, նաև մի մարդու էլ ուղարկել է, որ քո կառապանը լինի:
- Սա շատ բարի է որդուս կողմից, - դանդաղորեն խոսեց ծերունին: Այսուամենայնիվ, նա տխուր տեսք ուներ:
Նա շարունակում էր նայել ճանապարհին. սպասում էր կրտսեր որդուն: Վերջապես տեսավ մի խումբ մարդկանց, որոնք գալիս էին ճանապարհով: Դա նրա երրորդ որդին էր՝ իր ընտանիքի հետ միասին: Ծերունին շտապեց դիմավորել նրանց: Երրորդ որդին խոնարհվեց հոր առջև և քաղաքավարությամբ ասաց.
- Հայրի՛կ, ների՛ր, որ ուշացանք, նաև՝ որ չկարողացանք քեզ նվեր բերել: Իմ գործն այդքան էլ լավ չէ, այս տարի շատ հունձք չունեցանք: Այն ամենը, որ կարողացանք անել, գալն ու քեզ ասելն է, որ սիրում ենք քեզ:
Ծերունին սրբեց ուրախության արցունքները ու ասաց. - Որդի՛ս, դու բերել ես լավագույն նվերը: Դու անձամբ եկել ես ասելու, որ սիրում ես ինձ:
Մենք էլ երբեմն փորձում ենք Աստծուն հաճեցնել բարի գործերով, բայց իրականում Նա ուզում է մեր սիրտը: Նա ուզում է, որ թիկունք դարձնենք մեղքին և վստահենք Տեր Հիսուս Քրիստոսին՝ որպես մեր Փրկչի:
Սիրտդ ինձ տուր, որդեակս, եւ թող աչքերիդ հաճելի լինին իմ ճանապարհները։ Առակաց. 23.26: