Ձեզանից յուրաքանչյուրը հավանաբար տեսած կլինի մուրացկան, ով փողոցում ձեռքը կամ գլխարկը մեկնած ողորմություն է խնդրում:
Երկու ընկերուհիներ՝ Անժելիկան ու Մարիան, մի անգամ ճանապարհի մոտ մռայլ դեմքով մի մուրացկան տեսան: Նա ողորմություն էր խնդրում, բայց մարդիկ ուշադրություն չդարձնելով անցնում էին նրա կողքով:
- Արի արագ անցնենք փողոցի մյուս կողմը, - ասաց Մարիան ընկերուհուն և վազեց:
Անժելիկան նույնպես մի փոքր վախեցավ, բայց նա հենց նոր էր մի երգ սովորել կիրակնօրյա դպրոցում. «Կպատմեմ ես բոլորին, թե ինչպես է չարչարվել իմ Քրիստոսը»: Աղջիկը ամաչելով մոտեցավ այդ աղքատ ու միայնակ մարդուն:
- Դուք այնքա՜ն տխուր հայացք ունեք, կարո՞ղ եմ ձեզ ինչ-որ բանով օգնել:
Մուրացկանը, որից ուժեղ օղու հոտ էր գալիս, բարձրացրեց գլուխը և զարմանքով նայեց Անժելիկային:
- Աղջի՛կս, քո բարի խոսքը արդեն օգնեց ինձ: Ինձ երբեք բարի խոսքեր չեն ասում: Ես ընկերներ չունեմ և երկրի վրա չկա մեկը, ով ինձ կսիրի:
- Ո՛չ, կա՛, - հակառակվեց Անժելիկան, - դուք գիտե՞ք «Հիսուսը իմ ամենալավ բարեկամն է» երգը: Նա ոզում է լինել նաև ձեր բարեկամը: Նա սիրում է ձեզ: Միայն թե Նրանից օգնություն խնդրեք, - ասաց աղջիկը և սիրալիր հայացքով հարցրեց. – դուք այսօր աղոթե՞լ եք:
- Ո՛չ, ես դեռ ոչ մի անգամ կյանքում չեմ աղոթել, ես միշտ միայն մեղք եմ գործել,- հոգոց հանեց մուրացկանը:
- Դե ուրեմն խնդրեք, որ Հիսուսը դառնա ձեր լավագույն բարեկամը: Նա ամեն ինչ կանի ձեզ համար: Նա կօգնի ձեզ: Ես նույնպես ուզում եմ ձեր ընկերը լինել, -ասաց Անժելիկան:
- Փոքրի՛կ աղջիկ, թող Աստված օրհնի քեզ քո բարի խոսքերի համար, դրանք օգնեցին ինձ, - ասաց մուրացկանը ձեռքը մեկնելով աղջկան:
Անժելիկան արդեն չէր վախենում: Նա վստահորեն իր ձեռքը դրեց մուրացկանի ձեռքի մեջ: Երբ մուրացկանը խոնարհվեց, որ համբուրի աղջկա ձեռքը, արցունքի երկու տաք կաթիլ ընկան նրա ափի մեջ:
Մի քանի տարի անց մի ալեհեր տղամարդ կիրակնօրյա դպրոցում խոսում էր երեխաների հետ և նրանց հորդորում էր միշտ բարեհամբույր լինել աղքատների, տնանկների և խաբվածների հանդեպ:
- Երբ ես ընկերներ չունեի, աղքատ էի և ապրում էի մեղքերի մեջ, - պատմում էր նա, - Աստված մի փոքրիկ աղջիկ ուղարկեց, ով ինձ պատմեց Հիսուսի մասին: Ես փրկություն ստացա նրա վկայության շնորհիվ:
Հավաքույթից հետո այդ մարդուն մի երիտասարդ տիկին մոտեցավ, ձեռքը մեկնեց նրան և հարցրեց.
- Դուք ճանաչեցի՞ք ինձ, պարո՛ն:
Նա քննող հայացքով նայեց կնոջ դեմքին, ապա բռնեց երկու ձեռքերից, և ջերմորեն սեղմելով, դանդաղ ու հանդիսավոր ասաց.
- Այո՛, աղջի՛կս, ես ճանաչեցի քեզ, քո խոսքերն էին, որ ինձ բերեցին Քրիստոսին:
Երկուսն էլ ուրախությունից արտասվեցին և միասին աղոթեցին:
Եկեք անտարբեր չանցնենք նրանց կողքով, ովքեր մեր կարիքն ունեն: Աստված լինելով շատ հզոր, չի արհամարհում ոչ մեկին:
Ահա Աստված հզոր է, բայց չի արհամարհում. հզոր է սրտի զորությամբ։ Հով 36:5