Սրտիս մեջ կուտակված մեծ ցավ կա, որ ուզում եմ կիսել հանրության հետ: Ուզում եմ խոսել մայրացած կնոջ մասին: Աստված օրհնեց առաջին զույգին՝ Ադամին ու Եվային, որ բազմանան ու լցնեն աշխարհը, որի ականատեսն այսօր մենք ենք: Ամեն կին էլ ուզում է մայրանալ՝ անկախ սոցիալական վիճակից, թեև գիտե, որ անքուն գիշերներ է անցկացնելու երեխայի սնարի մոտ, մաքրելու է կեղտերը... Կնոջ մայրանալու մեծ ցանկության մասին կարդում ենք Աստվածաշնչում: «Եվ Ռաքելը տեսավ, որ ինքը Հակոբի համար զավակ չի ծնում, նախանձեց իր քրոջը՝ Լիային, և Հակոբին ասաց. «Ինձ որդիներ տուր. եթե ոչ՝ կմեռնեմ» (Ծննդոց 30:1-2):
Եղկանան երկու կին ուներ: Մի կինը՝ Փենանան, ուներ երեխաներ, իսկ Աննան՝ ոչ: Փենանան Աննային վշտացնում էր, գրգռում՝ ցույց տալով իր «առավելությունը», որովհետև Աստված փակել էր Աննայի արգանդը (Ա Թագավորաց 1:5-6): Եղկանան Աննային ասաց. «Աննա՛, ինչո՞ւ ես լաց լինում և ինչո՞ւ հաց չես ուտում, և ինչո՞ւ համար է սիրտդ այդպես տրտում: Մի՞թե քեզ համար տասը որդուց լավ չեմ...»: Աննան գնաց Տիրոջ տաճար և տրտմալից հոգով աղոթեց Տիրոջն ու շատ լաց եղավ: Եվ ուխտ արեց ու ասաց. «Ո՛վ Զորությունների Տեր, եթե Դու նայես Քո աղախնի նեղությանն ու հիշես ինձ, և քո աղախնուն չմոռանալով՝ Քո աղախնուն մի արու զավակ տաս, նրան Տիրոջն եմ նվիրելու, և նրա կյանքի բոլոր օրերում նրա գլխին ածելի չի դիպչելու...» (Ա Թագավորաց 1:8-11): Աննայի աղոթքը լսվեց Աստծու կողմից, և Աննան ունեցավ ոչ միայն Սամուելին, որ աղոթքի պատասխանն էր, հապա նաև՝ ուրիշ տղաներ ու աղջիկներ:
Այստեղից հասկանում ենք, որ կնոջ համար ոչ ոք չի կարող փոխարինել երեխային, անգամ՝ ամուսինը: Դա անզուսպ փափագ է, ցանկություն, որն Աստված է դրել կանանց մեջ, որպեսզի զավակներ ծնեն Աստծու կամքի համաձայն և լցնեն աշխարհը:
Աստվածաշնչում շատ են նման դեպքերը, որ կանայք իրենց կյանքը անհնար են համարել առանց երեխայի:
Երեխան կնոջը պարգևում է անըմբռնելի բերկրանք ու երջանկություն: Երեխան կնոջը դարձնում է ՄԱՅՐ: Շատ կանայք մեծ գումարներ ծախսելով ծեծում են բժիշկների դռները, որ կարողանան երեխաներ ունենալ...
Երբ մի կին երեխան գիրկը կամ հղի վիճակում հայտնվում է հանրային տրանսպորտում, խանութում կամ որևէ հասարակական վայրում, անմիջապես տեղ են զիջում նրան: Իսկ դա նրա համար մեծ պատիվ է և շոյանք: Նա էլ է զգում, որ այդ պատվին արժանացել է երեխայի շնորհիվ:
Ինձ թվում էր, թե չկան վատ մայրեր...
Սակայն այսօր շատ մայրեր դառնում են զավակասպաններ... «Անօրինության շատանալու պատճառով շատերի սերը պիտի պակասի..»,- ասաց Հիսուսը (Մատթ. 24:12):
Հայերը, և ոչ միայն հայերը, անիծում են թուրքերին ու ազերիներին, որ հայ հղի հարսների դեռ չծնված երեխաներին սրախողխող են արել... Իսկ ի՞նչ ասել այն մայրերին, որ իրեց հոժար կամքով վարձում են դահիճներ՝ իրենց չծնված երեխաներին կտոր-կտոր անելու... Ես չեմ վախենում նմաններին «դահիճ» անվանել: Ասացե՛ք, ինչպե՞ս կոչել անգութ, անխիղճ մարդասպաններին:
Անգամ սեռի մեջ են դնում տարբերություն: Ժամանակակից տեխնիկան հղի մոր որովայնում ախտորոշում է երեխայի սեռը, և երբ իմանում են՝ աղջիկ է, շատ ծնողներ ընդհատում են երեխայի... կյանքը:
Մի քանի տարի առաջ հեռուստատեսությամբ ցուցադրեցին մի տեսանյութ, թե ինչպես է կատարվում օտար բառով ասած՝ «աբորտը»: Էկրանի վրա պարզ երևում էր երեխան և մասնատման ընթացքը: Մայրը «հանգիստ» պառկած, կարծես անհամբեր սպասում էր, թե երբ է սկսելու դահիճն իր «գործը»: Անտանելի էր տեսարանը, երբ «բժիշկը» սուր բերան ունեցող, աքցանի նման կտրող սուր գործիքով հերթականությամբ կտոր-կտոր պոկում էր երեխայի մարմնի մասերն ու դնում սեղանին: Վերջում նա աքցանով փշրեց ու դուրս հանեց գլուխը...
Երբ նայում էի, տեսա, թե երեխան ի՛նչ զգաց, երբ պոկվում էր տոտիկը: Նա ցավից թափահարում էր թաթիկները, կուչ գալիս և ծամածռում դեմքը: Նա լացում էր... Ես նույնպես լացեցի և երեսս շուռ տվեցի, մինչև հաղորդավարը հաղորդեց ավարտը... Դահիճը «գոհ» էր «իր գործից»՝ սեղանին փռած տեսնելով երեխայի մարմնի մասերը, իսկ պատվիրատու մայրը՝ իր երեխայի սպանությամբ... Այդ համաբուժարանի գլխավոր բժիշկն, ապաշխարելով, հիմնարկությունում արգելել էր աբորտը, հետո վաճառել հիմնարկը, որ այլևս չմտնի այդ շենք, որովհետև վատ հուշեր ուներ այդ վայրից:
Այդ տեսանյութը ցուցադրել են որպես աբորտի դեմ բողոք, որպեսզի մարդիկ տեսնեն, թե ի՛նչ է կատարվում անպաշտպան երեխայի հետ ու հրաժարվեն երեխաների կյանքը ընդհատելուց:
Կանգնե՛ք, դահիճներ, այդ ձեր արարքի համար դուք այսօր չեք դատապարտվում լոկ այն պատճառով, որ չկան դատապարտող պետական օրենքներ: Ոչինչ, կպատժվեք Ամենակարող Աստծու ահեղ Դատաստանով, որ կյանքից զրկեցիք Նրա պատկերով, Նրա ստեղծած մարդուն: Ձեր գործը Աստծու հետ է: Նրա՛ն եք պատասխան տալու: Հիսուսը նաև ա՛յդ մանկան համար էր Իր Կյանքը զոհել, որ նա կյանք ունենար, ինչո՞ւ նրան զրկեցիք կյանքից: Չէ՞ որ դա ոտնձգություն է ԿՅԱՆՔԻ դեմ:
«...Իմս է վրեժխնդրությունը,- ասում է Տերը,- և դարձյալ՝ «Տերը պիտի դատի Իր ժողովրդին»: Սարսափելի բան է կենդանի Աստծու ձեռքը ընկնելը» (Եբրայեցիս 10:30-31): «Որովհետև Աստված մաշող կրակ է...» (Եբրայեցիս 13:29):
«Մա՛յր», դու կրկնակի պատիժ ես ստանալու, առաջինը՝ որ հանցավոր համաձայնությամբ դահիճ ես վարձել մարդ սպանելու, և երկրորդ՝ որ քո իսկ երեխային ես սպանել՝ քո իսկ խնդրանքով: Իսկ երդմնազանց մարդասպան բժիշկն էլ պատժվելու է վարձու մարդասպան լինելու համար: Որպես բժիշկ՝ ինքը պիտի պայքարեր երեխայի կյանքի համար և մերժեր մոր առաջարկը: Ոչ մի պատճառ չի կարող արդարացնել այս հանցանքը:
...Երբ Եգիպտոսի թագավորը մանկաբարձներին՝ Սեփրային ու Փուային հրամայեց, որ ծնվելու պահին սպանեն հրեա տղա երեխաներին, նրանք Աստծուց վախեցան ու չարեցին: Դրա համար «Աստված մանկաբարձներին բարիք արեց... և նրանց համար տներ շինեց...» (Ելից 1:20-21): Ձեր դեպքում գուցե հակառա՞կը կլինի...
Հիշեցե՛ք, կանայք, «Սակայն (կինը) պիտի փրկվի որդեծնությամբ, եթե մնա հավատքի և սիրո ու սրբության մեջ՝ պարկեշտությամբ» (Ա Տիմոթեոս 2:15):
«Տեսնես քանի՞ երեխա է սպանել այդ դահիճը»,- մտածում էի...
Փա՜ռք Աստծուն, որ կան իրենց գործին և երդմանը հավատարիմ շատ բժիշկներ, մանկաբարձներ և բուժքույրեր, որոնք անխոնջ կերպով, գիշեր ու տիվ չեն հեռանում հիվանդների սնարների մոտից, որ փրկեն նրանց...
Ո՛չ մեկը իրավունք չունի արտոնելու անմեղ երեխաների «մորթը»: Չէ՞ որ այդ երեխան մի քանի ամիս հետո լինելու էր մեկը այն երեխաներից, որոնցով ուրախանում են ծնողները. որոնք խաղում են բակում... Այդ երեխան արդեն մտել էր մարդկային համրանքի մեջ՝ հղի կանաց հաշվառման մատյաններում՝ որպես մարդ...
Մարդի՛կ, կանգնեցրե՛ք անպաշտպան երեխաների սպանդը...
Միշա Սվարյան
աղբյուր՝ Բարի լուր