Հիսուսն Իսրայելի վարդապետ Նիկոդեմոսին ասաց. «Եւ ինչպես Մովսեսն օձը բարձրացրեց անապատումը, այնպես պետք է մարդու Որդին բարձրացվի, որ ամեն Նրան հավատացողը չկորչի, այլ հավիտենական կյանքն ունենա։ Որովհետև Աստված այնպես սիրեց աշխարհը, որ իր միածին Որդին տվեց, որ ամեն Նրան հավատացողը չկորչի, այլ հավիտենական կյանքն ունենա։ Որովհետեւ Աստված իր Որդին չուղարկեց աշխարհքը, որ աշխարհքին դատե, այլ որ աշխարհքը Նրանով փրկվի։ Նրան հավատացողը չի դատապարտվի, իսկ չհավատացողն արդեն դատապարտված է, որովհետև չհավատաց Աստծո միածին Որդու անունին։ Եւ սա է դատաստանը, որ լույսն եկավ աշխարհ, եւ մարդիկ խավարն ավելի սիրեցին քան թե լույսը, որովհետև նրանց գործերը չար էին»:
Երբ Աստված Իսրայելին Եգիպտոսի ծառայության լծից ազատեց, իսրայելացիները տրտնջում էին Աստծո դեմ տարբեր պատճառներով:
Եվ հերթական տրտնջալու ժամանակ, երբ Հովր սարից Կարմիր ծովի ճանապարհով գնում էին, որ Եդովմի երկրովը պտույտ տան՝ գրված է.
Եհովան ժողովրդի վրա կիզող օձեր ուղարկեց, և խայթեցին ժողովրդին, այնպես, որ Իսրայելից շատ ժողովուրդ մեռավ։ Եվ ժողովուրդը եկավ Մովսեսի մոտ և ասաց. Մենք մեղանչեցինք Եհովայի դեմ և քեզ դեմ խոսելով: Աղոթք արա Եհովային, որ մեր վրայից օձերը վեր առնի: Եվ Մովսեսն աղաչեց ժողովրդի համար։ Եւ Եհովան ասաց Մովսեսին. «Քեզ համար մի կիզող օձ շինիր և նրան դիր մի ձողի վրա. Եւ կլինի՝ ամեն ով որ կծվի, թող նրան մտիկ տա, և կապրի»։ Եւ Մովսեսը մի պղնձի օձ շինեց, և ձողի վրա դրեց այն: Եւ երբոր օձը մարդի կծում էր, նա նայում էր պղնձի օձին, և առողջանում էր։ (Թվոց 21:4-9)
Հետաքրքիրն այն է, որ Աստված վեր չառավ օձերին, այլ պատվիրեց, որ պղնձե օձ բարձրացվի մարդկանց փրկության համար: Աստված այսօր մեզ տվել է փրկություն Հիսուս Քրիստոսի միջոցով: Շատերը ասում են. «Իսկ Աստված ինչո՞ւ չի վերացնում սատանային, ինչո՞ւ է այսքան վատ ամբողջ աշխարհի վիճակը»: Գրված է. «Աստված այնպես սիրեց աշխարհը…»: Աստված սիրում է մեզ, բայց մեզանից «օձերը» վեր չի առնում, այլ Հիսուսին ուղարկեց մեր փրկության համար: Հիսուսն ասաց. «Ինչպես Մովսեսն օձը բարձրացրեց անապատումը, այնպես պետք է մարդու Որդին բարձրացվի, որ ամեն Նրան հավատացողը չկորչի, այլ հավիտենական կյանքն ունենա»: Այդ օձը խորհրդով մեղքի բնությունն է, որ Հիսուսը դատապարտեց իր մարմնով խաչի վրա (Հռովմ 8:3): Մենք պիտի նայենք հավատքով խաչյալ Հիսուսին, որ փրկվենք: Աստված հավատքի միջոցով է մեզ փրկում: Ինչպես որ հավատքով պիտի տեսնեին բարձրացրած օձին, այնպես էլ հիմա մե՛նք պիտի հավատքով նայենք Հիսուսի զոհին: Որովհետև գրված է.
«...որ ինքն մեր մեղքերն իր մարմնումը խաչափայտի վրա բարձրացրեց. որ մեղքերիցը հեռանալով արդարութեան համար ապրենք, որ նրա խոցերով բժշկուեցաք»։ (Ա Պետրոս 2:24)
«...որովհետեւ այն, որ անկարելի էր օրենքին, որ տկար էր մարմնի պատճառովը, Աստված իր Որդին ուղարկելով մեղքի մարմնի նմանությունովը եւ մեղքի համար՝ մեղքին դատապարտեց այն մարմնումը»։ (Հռովմ. 8:3): Այսինքն պիտի հավատանք, որ Հիսուսը մեր մեղքերը գամել է խաչին և մենք ազատ ենք մեղքից: Այլևս մեր վրա իշխանություն չունի մեղքի բնությունը, և երբ «օձը» (սատանան) խայթում է մեզ, չի վնասում. «թույնը» դառնում է անզոր, երբ հավատքով խաչյալին ենք նայում: Աստծո մեծ նպատակն է, որ ամբողջ մարդկությունը նայի Հիսուսին։ Ծննդոց գրքից մինջև Հայտնություն, Աստված մարդկանց հայացքը ուղղում է Հիսուսի զոհին։ Որովհետև դա է մարդկության փրկությունը։
Հիսուսը քո մեղքը գամեց խաչին, որ դու ազատ լինես մեղքից: Նա ամենամեծ գործը կատարեց քեզ համար, և դու փրկված ես ձրի՝ Նրա՛ շնորհքով: Աստված չի վերացնում սատանային, որ մենք դառնանք դեպի Աստված և ճանաչենք Նրան ու Նրա՝ Հիսուսի շնորհիվ հաղթենք սատանային։ Առանց Հիսուսի չենք կարող ոչինչ անել։ Սատանան պարտված է Հիսուսի առջև, բայց Տերը ուզում է, որ սատանան պարտվի նաև մեր առաջ։ Եվ այդ ամեն հաղթությունը ունենալու ենք Հիսուսով։
Իսկ եթե ընդունել ես Հիսուսին և հավատում ես Նրան, ապա երբ «խայթվես օձից», նայիր խաչին, խոստովանիր և հավատքով ու աղոթքով ներում կստանաս: Մի՛ նայիր խայթողին կամ քո վերքերին, այլ հաղթողին՝ Հիսուսին: (Ա Հովհ 2:1-2): Որովհետև Աստված Իր Որդուն չուղարկեց որ քեզ դատի, այլ որ դու Նրանով փրկվես: Այսօր ընդունելության ու փրկության օրն է, դատաստանի օրը չէ: Եվ քանի դեռ դատաստանի օրը չի եկել, ընդունիր և հավատա Հիսուսին: Քանզի Նրան հավատացողը չի դատապարտվի, իսկ չհավատացողն արդեն դատապարտված է, որովհետև չհավատաց Աստծո միածին Որդու անունին: Եվ նաև դատաստանը կայանալու է սրանում, որ Տերն ասաց. «Եւ սա է դատաստանը, որ լույսն եկավ աշխարհ, եւ մարդիկ խավարն ավելի սիրեցին քան թե լույսը, որովհետև նրանց գործերը չար էին»: Երբ այս ողորմության ժամանակն անցնի և դու չընդունես Հիսուսին, Աստծո դատաստանի առջև պիտի կանգնես ու պիտի հաշիվ տաս ոչ թե քո արած մեղքերի համար, այլ բուն մեղքի, որ չհավատացիր Որդուն: Քանի որ բոլոր մեղքերը Աստծու միածին Որդուն չհավատալու հետևանքն է: Նայի՛ր խաչին, շտապի՛ր, և հաստատ կայացրու քո ընտրությունը:
Եվ սա է վկայությունը, որ Աստված հավիտենական կյանք տվեց մեզ, և այս կյանքը Նրա Որդու մեջ է: Ով որ Որդուն ունի, Նա կյանքն ունի, իսկ ով որ Աստծու Որդուն չունի՝ կյանքը չունի: Ա Հովհաննես 5:11-12:
Նա՛ պիտի ուրախությամբ տոնի իր սրտում խաչելության և հարության տոնը, ով Հիսուսի հետ խաչվել ու հարություն է առել և փնտրում է վերինները, որտեղ Քրիստոսն է նստում Աստծո աջ կողմը: Եվ մտածում է երկնավորի մասին, ոչ թե երկրավորի: (Կորնթացիս 3:1-4)
Նյութի հեղինակ՝ «ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ» բլոգ