Խաղաղություն, սիրելի Աստծու ժողովուրդ: Ես ուզում եմ ձեզ ներկայացնել Աստծու կատարած հրաշքը, որը տեղի ունեցավ իմ երեխայի կյանքում: Տղաս՝ Աշոտը, սովորում է երկրորդ դասարանում: Առաջին դասարանի երկրորդ կիսամյակում նա մի քանի անգամ բողոքեց տեսողությունից, բայց ես ուշադրություն չէի դարձնում: Հետո, երբ փոխադրվեց երկրորդ դասարան, նեղսրտած ասաց.
– Մայրի՛կ, ես գրատախտակի տառերը չեմ տեսնում:
Մյուս օրն ինձ նույն բանն ասաց նաև ուսուցչուհին: Մենք սկսեցինք որոշակի հեռավորությունից տառեր ցույց տալ նրան, բայց երեխան չէր տեսնում:
2015 թ. հոկտեմբերի 14-ին եղբորս՝ Հայկի հետ երեխային տարանք քաղաքային թիվ 132 մանկական պոլիկլինիկա: Բժիշկը տարբեր սարքավորումներով ստուգեց երեխայի աչքերը, վեց մետր հեռավորությունից տառեր ցույց տվեց, բայց երեխան տեսավ միայն առաջին ամենամեծ տառը: Բոլոր տեսակի ստուգումներից հետո բժիշկն ասաց, որ երեխային չի կարող ակնոց նշանակել, քանի որ դա չի օգնի: Բժիշկը շատ զարմացած էր, որովհետև երեխայի աչքերն առողջ էին, բայց նա ընդամենը 20 տոկոս էր տեսնում: Նա ասաց, որ դա կարող է լինել ինչոր մի թաքնված հիվանդություն, որը դեռ նոր պետք է ի հայտ գա, կամ էլ առաջացել է համակարգչով կլանված խաղալուց: Բժիշկը դեղեր նշանակեց և ասաց, որ մեկ ամիս օգտագործելուց հետո նորից գնանք ստուգման: Նաև ավելացրեց, որ երեխան պետք է ոչ միայն չխաղա համակարգչային խաղեր, այլև նույնիսկ մոտ չգնա հեռախոսին կամ համակարգչին:
Չնայած նրան, որ մեր եկեղեցու հովիվը բազում անգամներ քարոզել էր համակարգչով չտարվելու մասին, մեր ընտանիքում միշտ եղել էր այն միտքը, որ երեխաները պետք է զարգանան և ետ չմնան ուրիշներից: Իմ տղան փոքր հասակից համակարգչի դիմաց է եղել: Նա ամբողջությամբ կլանված էր համակարգչով: Երբ մենք հիվանդանոցից վերադառնում էինք, նա ճանապարհի բարձրահարկ շենքերը մոտավորապես հարյուր հիսուն մետր հեռավորությունից չէր տեսնում:
Եղբորս՝ Հայկի հետ ծնկեցինք աղոթելու: Ամեն անգամ, երբ ինձ հետ ինչ-որ նեղություն էր պատահում, ես աղոթքներիս մեջ կարծես արդար էի տեսնում ինձ և միշտ Տիրոջից հարցնում էի, թե ինչո՞ւ է ինձ հետ նման բան պատահել: Սակայն այս անգամ աղոթքս այլ էր: Ես ասում էի. «Հա՛յր, ինչ դժվարություն որ ինձ համար պատրաստել ես՝ տո՛ւր, միայն օգնիր, որ կամքդ ինձ հաճելի լինի, և ես չպատերազմեմ Քո դեմ»:
Անհամբեր սպասում էի, թե երբ պետք է Աննան՝ հարսս, տուն գար: Նա գնացել էր հավաքույթի, և ես մեծ հույսով սպասում էի, որ նա Աստծու Խոսքից ինչ-որ հանգստացնող բան կասի: Երբ նա եկավ, ես սենյակում անուժ նստած լաց էի լինում և, լսելով նրա ձայնը, դուրս եկա սենյակից ու սկսեցի պատմել, թե ինչ է եղել: Նա խաղաղությամբ լսեց և ասաց. «Իսկ դու ի՞նչ էիր սպասում: Երեխան կորուստ էր գնում: Պետք է գոհանանք Աստծուց, որ Նա Իր մեծ ողորմությամբ ուզում է ետ պահել նրան այդ ամենից, և Աստծու Խոսքից ավելացրեց, Աստծու Խոսքը ծռողը անպայման վնաս կկրի»: Այդ ժամանակ ես հասկացա, որ պատահածը մեր անուշադրության հետևանքն է:
Այդ օրը հորաքույրս այցելել էր մեզ: Սեղանին դրված էր թթվասերի սպիտակ ամանը, որի վրայի կարմիր գույնի խոշոր տառերով գրվածքը հորաքույրս ցույց տվեց երեխային, սակայն նա նույնիսկ դա չկարողացավ կարդալ, որովհետև չէր տեսնում: Հորաքույրս նույնպես շատ զարմացավ:
Աննան Աշոտիկի հետ գնաց սենյակ՝ աղոթելու: Ես լաց էի լինում, բայց զգում էի նրանց աղոթքի ջերմությունը: Այդ պահին փոքր տղաս վազելով եկավ և ցանկանում էր մտնել սենյակ, սակայն հորաքույրս, որ հավատացյալ չի, չթողեց, որպեսզի չխանգարի աղոթողներին:
Հանկարծ Աշոտիկը սենյակից ուրախ-ուրախ դուրս թռավ՝ գոռալով. «Մայրի՛կ, ես տեսնում եմ»: Ես շշմած երեխային էի նայում: Նրա դեմքն ուրախությունից փայլում էր: Ես Աննային հարցրի, թե ինչ է կատարվում: Նա պատմեց, որ նախքան աղոթելը ինքն Աշոտին հորդորել է հավատալ, որ Հիսուսը կարող է իրեն բժշկել: Հետո պատմել է կույրի բժշկվելը, թե ինչպես Նա մի փոքր հող վերցրեց, դրեց կույրի աչքերին և բժշկեց: Միայն թե պետք է հավատքով խնդրել: Երեխան աղոթքի ժամանակ շատ սրտանց խնդրել է. «Աստվա՛ծ իմ, ների՛ր ինձ, որ ես խաղացել եմ, չեմ հասկացել: Ես փոքր եմ, իսկ Դու՝ Մեծ: Խնդրում եմ իմ միջից ջնջի՛ր այդ խաղի ոգին, ես այլևս չեմ խաղա: Խնդրում եմ ինձ բժշկիր»:
Հետո տղաս պատմեց. «Աղոթքի ժամանակ ես տեսա, թե ինչպես է երկինքը բացվում, և Հիսուսը իջնում է ներքև: Լսվում էր շատ գեղեցիկ երաժշտություն: Ես ծովի վրա նստած էի նավի մեջ: Ծովը ալեկոծվում էր, և երբ Հիսուսը իջավ ծովի վրա, ձեռքը բարձրացրեց, և ծովը հանդարտվեց: Նա ծովի վրայով մոտեցավ ինձ: Ես ճանաչեցի Հիսուսին՝ Նա փայլում էր լույսի պես: Ես մտածեցի, որ Հիսուսը ինձ մոտ է գալիս և շատ ուրախացա այդ մտքից: Հիսուսն ինձ մոտենալով ժպտաց, բայց հետս չխոսեց: Միայն ձեռքերը դրեց աչքերիս և պտտվելով երկինք բարձրացավ: Ես այդ պահին աղոթքս ավարտեցի և «ամեն» ասելով բացեցի աչքերս. Նա արդեն չկար»:
Այդ պահին երեխան սենյակում սկսեց տեսնել որոշ իրեր, որոնք մինչ այդ չէր տեսել: Մենք իրար անցնելով սկսեցինք նրան տառեր ցույց տալ: Նա տեսնում էր նույնիսկ ամենափոքր տառերը: Հորաքույրս զարմացած էր: Նա ներկա էր այս հրաշքին և շփոթված մեզ էր նայում:
Հաջորդ օրը, վերցնելով բոլոր դեղերը, գնացինք բժշկի: Մեզ հետ կատարված հրաշքը պատմեցինք նրան և խնդրեցինք ևս մեկ անգամ ստուգել երեխայի աչքերը: Բժիշկը շատ հետաքրքրված էր ու զարմացած: Նա ներս կանչեց Աշոտին և խնդրեց ամեն բան պատմել իրեն: Նա լսում էր շատ մեծ ուշադրությամբ: Երբ երեխան վերջացրեց, խնդրեց բժշկին նորից ստուգել իր աչքերը: Նա տեսնում էր բոլոր տառերը, նույնիսկ ամենափոքրերը: Այնուհետև բժիշկը փակեց Աշոտի աջ աչքը և ստուգեց ձախի տեսողությունը, որից հետո փակեց ձախ աչքը և ստուգեց աջի տեսողությունը: Երեխան երկու աչքով էլ տեսնում էր գերազանց: Բժիշկը շոկի մեջ էր: Նա հուզմունքից փշաքաղվել էր և Աշոտին ասաց. «Աշոտի՛կ դու գիտե՞ս, որ Աստված քեզ սիրում է»: Աշոտը պատասխանեց. «Այո՛, ես գիտեմ»: Նա շատ համարձակ էր: Բժիշկն անընդհատ կրկնում էր, որ շատ ուրախ է մեզ համար և խոսքեր չունի ասելու:
Ես այս ամենը պատմեցի Աստծու անվան ու փառքի համար: Թող Աստված ողորմի և ազատագրի այն երեխաներին, որոնք տարված են համակարգչային խաղերի ոգով, և թող ծնողներին էլ տա իմաստություն, որ իրենց երեխաներին կրթեն ու դաստիարակեն Աստծու հոգով: Ամեն:
Սյուզաննա Արտեմյան
Բարի լուր