«Իմ բաժինը Դու ես, Տե´ր» (Սաղմոս 119.57)
Նայիր քո ունեցվածքին, ով հավատացյալ, և համեմատիր քո բաժինը մտերիմներիդ ունեցածի հետ: Նրանցից մի քանիսի բաժինն արտերում է, նրանք հարուստ են, և հունձքը նրանց մեծ եկամուտ է բերում:
Բայց մի՞թե հնարավոր է նրանց հունձքը համեմատել քո Աստծո հետ, Ով հունձքի Աստվածն է: Ի՞նչ արժեք ունեն բերնեբերան լցված ամբարները՝ համեմատած Նրա հետ, Ով քո Փեսան է և երկնային կերակուր է տալիս քեզ: Մյուսների բաժինը քաղաքում է, նրանք անհաշիվ հարստություն ունեն, որն անսպառ աղբյուրի պես հոսում է նրանց մոտ, և նրանց շտեմարանները լեփ-լեցուն են ոսկով: Սակայն ի՞նչ է ոսկին քո Տեր Աստծո համեմատությամբ: Դու չես կարող դրան ապավինել, և դա չի կարող նեցուկ լինել քո հոգուն: Մի՞թե ոսկին կարող է բժշկել անհանգիստ խիղճը: Փորձիր ոսկով մխիթարել վհատված սիրտը. կարո՞ղ է արդյոք այն խլացնել գեթ մեկ հառաչանք կամ թեթևացնել վիշտը: Սակայն դու ունես Աստված, և Նրանում գտել ես այն, ինչը չես կարող գնել ոչ մի ոսկով:
Մի քանիսի բաժինը ծափահարություններն ու փառքն են, որոնք այնքան ցանկալի են մարդկանց համար: Բայց հարցրու քեզ. մի՞թե Աստված քեզ համար ավելին չէ: Ի՞նչ օգուտ, եթե անհամար շեփորներ փողհարեն քո պատվին. մի՞թե դա կօգնի քեզ հատել Հորդանանը: Կքաջալերի՞ քեզ արդյոք դրանց ձայնը դատաստանի օրը: Ոչ, որովհետև կյանքում կան շատ վշտեր, որոնք ոսկին ի զորու չէ թեթևացնել: Մահվան ժամին արթնանում է մի խորը կարիք, որը հնարավոր չէ բավարարել ոչ մի հարստությամբ: Բայց եթե քո բաժինը Տերն է, ապա դու ունես ավելին, քան մյուս բոլորը միասին: Նրանում իրականանում են քո բոլոր ցանկությունները թե կյանքում, թե մահից հետո: Երբ Աստված քո բաժինն է, դու ճշմարտապես հարուստ ես, որովհետև Նա կբավարարի քո կարիքները, կմխիթարի քո սիրտը, կմեղմի հոգուդ ցավը և կուղղորդի քո քայլերը: Նա քեզ հետ կլինի «մահվան շուքի ձորում», իսկ հետո քեզ տուն կտանի, որպեսզի հավիտենապես դառնա քո բաժինը…
Չարլզ Սպերջեն