Եգիպտացիք էլ պէտք է գուբը իջնեն ինչպէս միւս ազգերը։
17 Եւ եղաւ տասնեւերկուերորդ տարուայ՝ ամսի տասնեւհինգին, որ Տիրոջ խօսքը եղաւ ինձ ասելով.
18 Մարդի որդի, կոծ արա Եգիպտոսի բազմութեան վերայ եւ իջեցրու նորան՝ նորան եւ զօրաւոր ազգերի աղջիկներին գետնի տակը գուբը իջնողների հետ։
19 Դու ումի՞ց ես վայելուչ. իջիր եւ պառկիր անթլփատների հետ։
20 Սրով սպանուածների մէջ պիտի ընկնեն, սուրի պիտի տրուի նա, քաշքաշեցէք նորան եւ նորա բոլոր բազմութիւնը։
21 Նորան խօսելու են զօրաւորների հզօրները գերեզմանի միջից՝ նորա օգնողների հետ. իջել պառկել են անթլփատները՝ սրով սպանուած։
22 Այնտեղ է Ասորեստանցին եւ նորա բոլոր ամբոխը, նորա գերեզմանները նորա շրջակայքումն են. Ամենքը սպանուած՝ սրով ընկածներ են։
23 Որի գերեզմանները գուբի խորքերումն են շինուած, եւ իր ամբոխը իր գերեզմանների շրջակայքումն է, ամենքը սպանուած՝ սրով ընկածներ են,
որոնք վախ էին տալիս կենդանեաց երկրումը։
24 Այնտեղ է Եղամացին եւ իր բոլոր բազմութիւնը, իր գերեզմանների շրջակայքումը, ամենքը սպանուած՝ սրով ընկածներ են, որոնք իջել են անթլփատ՝ երկրի տակերը, որոնք իրանց վախը տալիս էին կենդանեաց երկրումը, սակայն իրանց ամօթը պիտի կրեն գուբը իջնողների հետ։
25 Սպանուածների մէջ նորան տնկողին տուին իր բոլր բազմութեան հետ, նորա շրջակայքումն են իր գերեզմանները. Ամենքը անթլփատներ՝ սրով սպանուած, որ իրանց վախը տալիս էին կենդանեաց երկրումը, եւ որոնք պիտի կրեն իրանց ամօթը գուբը իջնողների հետ. Նա սպանուածների մէջ է դրուել։
26 Այնտեղ է Մոսոքը՝ Թոբէլը եւ նորա բոլոր ամբոխը, նորա շրջակայքումն են իր գերեզմանները. Ամենքը անթլփատներ՝ սրով սպանուածներ, որոնք իրանց վախը տալիս էին կենդանեաց երկրումը։
27 Եւ նորանք պիտի չ՛պառկեն անթլփատներից ընկնող զօրաւորների հետ, որոնք իրանց պատերազմական զէնքերովը գերեզման իջան, եւ որոնց սուրերը իրանց գլխների տակին դրին. Բայց նորանց անօրէնութիւնները իրանց ոսկորների վերայ պիտի լինի, թէեւ նորանք զօրաւորների երկիւղն էին կենդանեաց երկրումը։
28 Եւ դու պիտի անթլփատների մէջ փշրուիս, եւ պառկես սրով սպանուածների հետ։
29 Այնտեղ է Եդովմը, նորա թագաւորները եւ նորա բոլոր իշխանները, որոնք իրանց զօրութիւնովը սրով սպանուածների հետ են դրուած. Նորանք պիտի պառկեն անթլփատների հետ եւ գուբը իջնողների հետ։
30 Այնտեղ են հիւսիսի իշխանները բոլորը, եւ բոլոր Սիդոնացիք, որոնք իջան սպանուածների հետ. Իրանց ահարկութիւնովը պիտի ամաչեն իրանց զօրութիւնիցը, եւ պիտի պառկեն անթլփատ՝ սրով սպանուածների հետ, եւ իրանց ամօթը կրեն գուբը իջնողների հետ։
31 Փարաւօնը տեսնելու է նորանց, եւ պիտի մխիթարուի իր բոլոր ամբոխի մասին, սրով սպանուածներ են Փարաւօնը եւ իր բոլոր զօրքերը, ասում է Տէր Եհովան։
32 Որովհետեւ ես նորա երկիւղ տալ տուի կենդանեաց երկրումը. Եւ նա պիտի պառկեցնուի անթլփատների մէջ՝ սրով սպանուածների հետ՝ Փարաւօնը եւ նորա բոլոր ամբոխը, ասում է Տէր Եհովան։