ԿԵՑԵՔ ՔՐԻՍՏՈՍԻ ՄԵՋ, ՔԱՆԻ ՈՐ ԻՆՔՆ ԱՍՏՎԱԾ՝ ՄԻԱՑՐԵՑ ՁԵԶ ՆՐԱ ՀԵՏ
«Եւ դուք նրանից եք Հիսուս Քրիստոսումը, որ Աստուածանից մեզ համար եղաւ իմաստութիւն եւ արդարութիւն եւ սրբութիւն եւ փրկութիւն »: 1 Կորնթ. 1: 30
«Դուք Հիսուս Քրիստոսում եք»: Կորնթոսի հավատացյալները դեռևս թույլ էին, մարմնավոր, սակայն Պողոսն ուզում էր, որպեսզի ամենասկզբից նրանք հստակ hասկանային, որ իրենք նույնպես գտնվում են Հիսուս Քրիստոսի մեջ: Ողջ քրիստոնեական կյանքը կախված է Քրիստոսի մեջ մեր դիրքի հստակ գիտակցումից: Ամենաէականը դրա համար` մեր վստահության ամենօրյա աճն է այն բանում, որ մենք կենում ենք Հիսուս Քրիստոսում:
Սակայն ուշադրություն դարձնենք Պողոս առաքյալի հետևյալ լրացուցիչ մտքի վրա. «Նրանից եք դուք Քրիստոս Հիսուսում …»: «Նրանից», այսինքն Աստծուց: Դրանով Պողոսն ուզում է ասել. հիշեք, որ Քրիստոսի հետ միացումը ոչ թե մեր գործն է, այլ դա Իր` Աստծո աշխատանքն է: Քանի որ Աստված Ինքը ինձ միացրեց Քրիստոսի հետ, ուրեմն Նա ինքն էլ հանդիսանում է Քրիստոսի մեջ կենալու իմ բոլոր կարիքների ամուր երաշխիքը: Պատահում է, որ հավատացյալն ասում է. «Ես Քրիստոս Հիսուսումն եմ», բայց փաստորեն նա ավելի շատ նայում է այն բանին, թե ինչ է ինքը անում, քան թե Աստծո այն զարմանալի աշխատանքին, որով ինքը միացված է Քրիստոսին:
Մենք մտածում ենք Քրիստոսի մասին` որպես Որթի, իսկ հավատացյալի մասին` որպես ճյուղի Նրա վրա: Ուրեմն չմոռանանք մի այլ թանկագին խոսքի մասին. « ... և Իմ Հայրը մշակն է» (Հովհ. 15:1): Փրկիչն ասաց. «Ամեն տունկ զոր իմ երկնավոր Հայրս չէ տնկեր, պիտի խլվի» (Մաթ.15:13): Բայց ոչ մի ճյուղ, Նրանով պատվաստված Որթի վրա, երբեք Նրա ձեռքից չի հափշտակվի: Հավատացյալը պարտական է Հորը իր տեղի համար և Քրիստոսում ապահովության համար: Նույնպիսի սիրով, որով Հայրը զգոնությամբ հետևում է Իր Որդուն, Նա նայում և պահպանում է նաև յուրաքանչյուրին, ով կենում է Քրիստոսում: Ճյուղը օգտվում է Մշակի նույնպիսի հոգատարությունից և պահպանությունից, ինչպես և Որթը: Ինչպես Որթի, նույնպես և ճյուղերի հասակից և փարթամությունից կախված է Մշակի պատիվը և հեղինակությունը:
Աստված, որպես Որթ ընտրելով Քրիստոսին այն աշխատանքի համար, որ պետք է կատարեր որպես Որթ, Նրան պարգևեց անհրաժեշտ ամեն ինչ: Եվ նույն Աստվածը, Որն ընտրեց ինձ և տնկեց Քրիստոսի մեջ, դրանով իսկ Իր վրա վերցրեց պարտավորություն պահպանել և ամրացնել ինձ, (եթե ես թույլ տամ Նրան այդ անելու), որպեսզի բոլոր տեսակետներով ես լինեմ արժանի և նման Քրիստոսին:
Օ՜, եթե ես միայն լիովին դա հասկանայի, ինչպես կկենդանանար և կաճեր Աստծուց իմ կախվածության զգացմունքը: Ես այն ժամանակ կտեսնեի, որ Աստծուն անդադար աղոթքը, իսկապես, հանդիսանում է իմ կյանքի միակ կենսական պահանջը:
Աստծո կողմից բոլոր ստեղծվածները կատարելապես համապատասխանում են իրենց նշանակությանը: Նա ստեղծեց արև, որպեսզի նա լուսավորի: Եվ ինչ հիանալի է այն կատարում իր գործը: Նա ստեղծեց աչքերը` տեսնելու համար, և ինչ հիանալի են նրանք համապատասխանում իրենց նշանակությանը: Նա ստեղծեց նոր մարդուն բարի գործերի համար, և ինչ զարմանալի է նա համապատասխանում իր նշանակությանը, «… անկե եք Քրիստոս Հիսուսում»: Աստված ուզում է, որ հավատացյալները դադարեն նայել իրենց հին բնությանը և բողոքել իրենց տկարությունից, կարծես թե Նա կանչել է նրանց մի բանի համար, որին նրանք պիտանի չեն:
Նա ցանկանում է, որպեսզի նրանք հավատքով և ուրախությամբ ընդունեն այն հրաշալի ճշմարտությունը, որ միացնելով նրանց Քրիստոսի հետ` Նա իր վրա վերցրեց նրանց պտղաբերության և հոգևոր աճի պատասխանատվությունը:
Օ՜, հոգի, տրվիր այդ բառերի զորավոր ներգործությանը. «Աստծուց եք դուք Քրիստոս Հիսուսում»: Մի շտապիր և օր օրի վրա քո բոլոր ցանկություններում թող Աստված լինի ամենը ամենի մեջ:
Հիսուսն ասում է. «Իմ Հայրը Մշակն է»: Ամեն: «Տեր ես կկենամ Քրիստոսում»:
Անդրե Մյուրի