Սիրելինե՛ր, Ա Պետրոս 1.8-9-ում կարդում ենք. «...դուք չտեսած՝ կը սիրէք, զոր հիմա չեք տեսներ, բայց կը հաւատաք, և ուրախ էք անպատմելի և փառաւորեալ խնդութիւնով, Ձեր հաւատքին վախճանը ընդունելով, այսինքն հոգիներնուդ փրկութիւնը»:
Եկեք ուշադրություն դարձնենք այս խոսքերին, և քանի որ այս խոսքերն իմ կյանքում կատարվել են, ես կպատմեմ այդ անպատմելի և փառավոր ուրախության մասին:
Շատ հավատացյալների մեջ հարց է առաջանում՝ վերջապես մենք փրկվա՞ծ ենք, թե՞ ոչ:
Տարիներ առաջ ես 70 հոգու հետ ոտքով 300 կիլոմետր գնացել էի ուխտագնացության` Էջմիածնի վանքից Տաթևի վանք: Ամեն երեսուն կիլոմետր քայլելուց հետո հանգստանում էինք, զրուցում տարբեր հարցերի շուրջ: Մի օր հարց առաջացավ՝ վերջապես մեզանից ո՞վ է փրկված:
Ուխտագնացության որոշ մասնակիցներ ասացին, որ իրենք մեղավոր են ու փրկվելու համար ոչ մի արժանիք չունեն: Երբ ինձ հարցրին, ես պատասխանեցի, որ փրկված եմ: Ինձ ասացին. «Դու հպարտ ես, դրա համար էլ ասում ես, որ փրկված ես: Եթե դու ճանաչես քեզ, այդպիսի բան չես ասի»: Ես պատասխանեցի. «Եթե ես ճանաչեի միայն ինձ, նման բան չէի ասի, բայց քանի որ ես, ինձ ճանաչելով հանդերձ ճանաչում եմ նաև Հիսուսին, ուրեմն վստահ կարող եմ ասել, որ ես փրկված եմ»: Մարդիկ կարծում են, թե փրկությունն իրենք պետք է ձեռք բերեն կամ գնեն իրենց բարի գործերի շնորհիվ: Այսինքն՝ փրկությունը պատկերացնում են որպես բարի գործերի վարձատրություն, բայց իրականում փրկությունը ձրի պարգև է: Այս կապակցությամբ Հռոմեացիս 6.23-ում ասվում է. «Քանզի մեղքին վարձքը մահ է, բայց Աստուծոյ ձրի պարգևը յաւիտենական կեանք՝ մեր Տէրոջը՝ Յիսուս Քրիստոսի ձեռքով»: Եթե դու ուզում ես փրկության կյանքը, ուրեմն դու փրկված ես: Այսինքն՝ եթե դու հավատաս, որ Հիսուսն է կյանքը և Նրանից դուրս կյանք չկա, կփրկվես:
Ցանկացած մարդ, լինի անհավատ թե հավատացյալ, ուզում է մեկ բան՝ կյանք: Տարբերությունն այն է, թե ո՛ր մարդը ինչի մեջ է տեսնում այդ կյանքը: Անհավատ մարդն իր երջանկությունը` իր կյանքը տեսնում է դրամի, պաշտոնի ու մարդկանցից փառավորվելու մեջ: Այդ է պատճառը, որ անհավատները մշտապես պայքարում են դրանց համար: Հավատացյալ մարդը չի հավատում, որ կյանքը դրամի, պաշտոնի, մարդկանց մեջ փառավորվելու ու իր ցանկությունների կատարման մեջ է: Նա հավատում է, որ կյանքը, երջանկությունը Քրիստոսի մեջ է, և այդ է պատճառը, որ նա ուզում է Քրիստոսի հետ լինել: Փրկվելու համար պետք է ոչ թե ինչ որ բան անել կամ չանել, այլ՝ չմերժել ու ընդունել Քրիստոսին: Եթե ինչ-որ բան բերեն ու անվճար բաժանեն, ո՞ւմ չի հասնի. չի հասնի միայն նրան, ով կմերժի ու չի ուզի:
Հայտնի քարոզիչ Սպերջենը, հոգևոր դպրոցի աշակերտներին Աստծու մեծափառությունը և փրկության պարգևը բացատրելու համար, վերցնում է շատ թանկարժեք մի ժամացույց ու, մտնելով լսարան, անտարբեր տոնով ասում է. «Ես այս ժամացույցից հոգնել եմ ու որոշել եմ նվիրել, ով ուզում է՝ թող գա ու վերցնի»: Ուսանողներից ոչ ոք չի մոտենում ժամացույցին, քանի որ բոլորը կարծում են, թե նա կատակում է. ինչպե՞ս կարող է այդ թանկարժեք ժամացույցը հենց այնպես նվիրել: Լսարանում ներկա է լինում տասներկու տարեկան մի երեխա, և նա ասում է. «Կարո՞ղ եմ ես վերցնել, իրո՞ք նվիրում եք»: Սպերջենը պատասխանում է. «Այո՛, նվիրում եմ»: Երեխան վազելով գնում է, վերցնում ժամացույցն ու դառնում ժամացույցի տերը: Սա իրական պատմություն է: Ձրի Շնորհքով փրկությունը չափազանց հրաշալի բան է, այդ իսկ պատճառով էլ մարդը չի կարողանում հավատալ, որ դա իրականություն է: Եթե մենք մեղքի կյանքը մերժում ենք, մենք նույնքան ապահով ու փրկված ենք, որքան Պողոս առաքյալը՝ երկնքում:
Ո՛ր պահին դու հավատում ես, որ Հիսուսն է կյանքը, ճիշտ այդ պահից դու փրկված ես՝ անկախ քո վիճակից (թեկուզ՝ ջարդված, ջախջախված, մեղքից պարտված, հուսահատված):
Երբ մարդը հասկանում է սա և հավատում է, նրա կյանքում գալիս է անպատմելի ու փառավոր մի ուրախություն: Եթե նա մի ժամանակ փրկություն էր խնդրում, այժմ արդեն շնորհակալություն է հայտնում, որ փրկված է: Ես չեմ ուզում՝ այնպիսի տպավորություն լինի, իբր մենք ընդհանրապես չպետք է ջանք անենք, ու Քրիստոսն էլ պետք է գա ու մեզ հրավիրի դրախտ: Ո՛չ, իհարկե, դա այդպես չէ: Մենք պետք է իմանանք, թե ե՛րբ պետք է ջանք անենք և ե՛րբ իմաստ չունի ջանք անելը: Հենց այստեղ է հակառակորդին հաջողվում շփոթեցնել մեզ:
Պատկերացնենք, որ մեզ վիրահատում են: Ի՞նչ են անում բժիշկները. նրանք մեզ անզգայացնում են, որպեսզի մենք իրենց օգնելու համար ոչ մի ջանք, միջամտություն չանենք: Հիվանդի գործը միայն բժշկին վստահելն է: Բայց եթե այդ վիրահատությունն ավարտվեց, և դու կենդանի ես, ուրեմն դու արդեն պետք է շատ ջանք անես՝ կատարելու բժշկի խորհուրդները, որպեսզի վերջնականապես ապաքինվես: Երբ մեր հոգեբանությունը գալիս է այն վիճակին, որ մենք զզվում ենք աշխարհային ապականությունից, հենց այդ ժամանակ մենք ներդնում ենք մեր ջանքերը:
Մենք պետք է ուշադրություն դարձնենք, թե Աստված ինչ խոստում է տվել մեզ, այլ ոչ թե մենք Նրան խոստում տանք՝ ասելով, թե. «այս անգամ էլ ներիր իմ մեղքը, էլ չեմ գործի»՝ համոզված լինելով, որ նորից գործելու ենք նույն մեղքը: Եվ երբ մենք ոչ թե խոստում ենք տալիս, այլ ասում ենք՝ Տե՛ր, օգնի՛ր իմ թերահավատությանը, որպեսզի հավատամ Քո մեծամեծ ու պատվական խոստումներին, հենց այդ ժամանակ Քրիստոսը գալիս է մեր մեջ, և Տերը մեզ վեր է հանում այն ամեն մեղքերից, որոնցից սարսափում էինք, և Աստծու բնությունը գործում է մեր մեջ: Հենց այս ժամանակ էլ մենք պետք է ջանք անենք, որպեսզի մեր հավատքի վրա ավելանա հետևյալը. «Եւ այս բանին համար բոլոր ջանքերնիդ դրած՝ ձեր հաւատքին վրայ առաքինութիւն աւելցուցէք, ու առաքինութեան վրայ գիտութիւն, և գիտութեան վրայ ժուժկալութիւն, ու ժուժկալութեան վրայ համբերութիւն, և համբերութեան վրայ աստուածպաշտութիւն, ու աստուած պաշտութեան վրայ եղբայրսիրութիւն, ու եղբայրսիրութեան վրայ սէր» (Բ Պետր.1.5-7):
Թող Աստված օգնի, որպեսզի մենք լավ հասկանանք առաքյալի բացատրած փառավոր ու անպատմելի ուրախությունը և հիշենք՝ որտե՛ղ պետք է ջանք անել ու որտե՛ղ պետք չէ ջանք անել, որպեսզի չշփոթվենք, այլ պարզապես ընդունենք Տիրոջ այդ նվերը՝ փառավորելով Նրան: Մենք պետք է գիտակցենք, թե որտեղ պետք է շատ ջանանք, որպեսզի էլ ավելի նվիրվենք Տիրոջը: Ամեն:
Հրայր Ամիրբեկյան
Բարի լուր