Չորս տարեկան Կոլտոն Բարպոն ծանր հիվանդացավ: Ամեն բան սկսվեց նրանից, որ նա սկսեց հաճախակի վազել զուգարան: Սկզբում մտածեցին, թե դա սովորական փորլուծություն է, քանի որ այդ ժամանակ նման վարակ էր տարածված: Սակայն մի քանի օրից Կոլտոնի վիճակն ավելի վատացավ:
Բժիշկները հայտնաբերեցին, որ նրա կույր աղիքը պայթել է, և վարակը տարածվել է ողջ մարմնով:
Նրան շտապ հոսպիտալացրին: Երբ տղային տեղափոխում էին վիրահատարան, նա բղավեց իր հորը. «Հայրի՛կ, ինձ մի՛ տուր նրանց»: Այդ սրտակեղեք տեսարանից հետո Կոլտոնի մայրն անմիջապես զանգահարեց եկեղեցու աղոթող խմբին և բոլորին խնդրեց աղոթել:
Դրությունը շատ վատ էր: Վիրահատարանի մոտ կանգնած՝ Կոլտոնի հայրը, որ եկեղեցու ծառայող էր, վշտից կուրացած վիճում էր Աստծու հետ. «Այսպե՞ս ես Դու վերաբերվում Քեզ ծառայողներին: Դու վերցնո՞ւմ ես իմ երեխային»: Մեկուկես ժամ տևած վիրահատությունը նրանց թվաց մի հավիտենություն: Վերջապես բուժքույրը հայտնեց, որ երեխան իրեն լավ է զգում և ուզում է տեսնել ծնողներին: Հայրը մտավ հիվանդասենյակ ու տեսավ իր որդուն: Նրանց հայացքները հանդիպեցին: Տղան կիսաձայն ասաց. «Հայրի՛կ, դու գիտե՞ս, որ ես մահացել էի և եղել եմ երկնքում»: Սկզբում հայրը տղայի արտասովոր հայտարարությունը վերագրեց նարկոզին: Սակայն նույնիսկ 4 ամիս անց (այդքան ժամանակ Կոլտոնն անցկացրեց հիվանդանոցում) տղան անընդհատ հիշում էր երկնային ճանապարհորդության մանրամասները:
Կլինիկական մահից անմիջապես հետո հայտնվել են մի քանի հրեշտակներ և Կոլտոնին բարձրացրել են դեպի երկինք: Այնտեղ Կոլտոնը տեսել է նաև Հիսուսին: Հիսուսն ամբողջությամբ սպիտակ հագուստի մեջ է եղել, Նրա շարժումները շատ թեթև ու գեղեցիկ են եղել: Նրա ձեռքերի ու ոտքերի վրա երևացել են գամերի թողած խոցերը: Հաշվված վայրկյաններում Կոլտոնը հայտվել է Աստծու թագավորական սրահում: Չնայած գեղեցիկ կահավորանքին՝ տղան մի փոքր անհանգստացել է, քանի որ չի հասկացել, թե ինչ է կատարվում: Այդ պահին նրա կողքին են հայտնվել իր սիրելի խաղալիքներն ու իրերը, և նա իրեն ավելի լավ է զգացել: Հանկարծ նրան է մոտեցել մի աղջնակ, որը շատ նման էր քրոջը՝ Քեյսիին, սակայն վարսերն ավելի մուգ գույն են ունեցել: Գրկելով Կոլտոնին՝ նա ասել է, որ ինքը նրա երկրորդ քույրն է: Կոլտոնի հարցին, թե ինչ է նրա անունը, աղջնակը պատասխանել է, որ ինքն անուն չունի, իրեն չեն հասցրել անվանակոչել, քանի որ ինքը մահացել է մոր արգանդում:
Նա շարունակ գրկել է եղբորը և խնդրել նրան՝ փոխանցել իրենց հորն ու մորը, որ ինքն սպասում է նրանց հետ հանդիպմանը: Այնուհետև Կոլտոնին մոտեցել է մի ծերունի: Նա ներկայացել է որպես տղայի հոր պապիկը, որ անցյալում քահանա է եղել: Նա սկսել է հիշել, թե ինչպես է խաղացել իր թոռան հետ, ինչպես են իրենք նորոգել պարտեզի ցանկապատը, ինչպես են աշխատել ֆերմայում, գնացել որսի: Տղան գնալով ավելի է զվարթացել: Սակայն այդ պահին նրան է մոտեցել Հիսուսը և ասել. «Դու պետք է ետ վերադառնաս: Այդպես եմ ես պատասխանում հորդ աղոթքին»:
Երբ Կոլտոնի ծնողներն առաջին անգամ լսեցին տղայի պատմածի մանրամասները, ապշեցին: Եվ դա ուներ իր բացատրությունը: Կոլտոնի մայրն այդ պատահարից մեկ տարի առաջ կորցրել էր իր երեխային, որն իսկապես մահացել էր մոր արգանդում, և ծնողներն այդ մասին ոչինչ էին ասել իրենց 4 տարեկան որդուն: Տղան չէր կարող մանրամասներ իմանալ նաև իր հոր պապի մասին, որ իսկապես քահանա էր եղել ու մահացել էր ավտովթարից: Դա տեղի էր ունեցել այն ժամանակ, երբ Կոլտոնի հայրն ընդամենը 7 տարեկան էր եղել: Պապիկին ու թոռանն իսկապես միացնում էր շատ ջերմ և ամուր ընկերությունը: Այսօր Կոլտոն Բարպոն լիարժեք առողջ է: Նա տասնմեկ տարեկան է: Հիշելով Երկինք իր այցելության մասին՝ նա ասում է. «Ես գիտեմ, Երկնային արքայություն գոյություն ունի, և ձեզ այնտեղ դուր կգա»:
Բարի լուր