Միակ զայրույթը, որ արտահայտում էր Սմիթ Վիգլսվորթը, միշտ ուղղված էր լինում սատանայի դեմ: Մեկ անգամ չէ, որ նա Աստվածային այցելություն էր ունեցել: Նա վկայում էր, որ ոչ միայն Աստծո ներկայությունն է զգացել, այլ նաև տեսել է Նրան՝ որպես կենդանի անձնավորություն: Նա ունեցել է նաև սատանայական այցելություն, բայց երբեք չի վախեցել սատանայից:
Մի անգամ Վիգլսվորթն արթնացավ կեսգիշերին՝ հայտնապես զգալով սատանայի ներկայությունը: Նայելով սենյակի մեջ՝ նա տեսավ սատանային՝ իր սեփական անձով, որ կանգնած էր անկյունում: «Ա՜, դա միայն դու ես», -ասաց Վիգլսվորթը և շուռ գալով նորից քնեց:
Դա երևակայական դեպք չէր, որը կարելի է հորինել: Վիգլսվորթը երբեք չէր փորձում բարդացնել. նա չափից ավելի իրատես էր: Նա միշտ հաղորդում էր բացարձակ ճշմարտությունը, որովհետև սիրում էր Նրան, Ով Ինքը ճշմարտությունն է: Նա երբեք չէր անում ու չէր ասում որևէ բան, որը կարող էր վշտացնել իր Տիրոջը:
Կարելի է մտածել, որ Վիգլսվորթի կյանքը պետք է անցներ մշտական լարվածության մեջ, բայց դա այդպես չէր: Շատ քիչ մարդիկ ունեին այն անխռովությունն ու հանգստությունը, որ ուներ նա. անխռովությունը նրա համար իր Տիրոջ ներկայությունն էր: Նա այնպես անսասան էր, որ օգտագործում էր իրեն ներկայացող ցանկացած հարմար առիթ: Գաղտնիքը նա գտել էր Ես.26:3-ում. «Հաստատ միտքը պահում ես խաղաղ խաղաղությունով, որովհետեւ քեզ է յուսացած»:
«Կատարյալ խաղաղության մեջ» բառերը եբրայերենով տառացիորեն նշանակում են՝ «խաղաղ խաղաղություն»: Այլ խոսքերով՝ «Կատարյալ խաղաղությունը» դա «կրկնակի խաղաղություն» է, կամ՝ «խաղաղության կրկնակի բաժին»: