Եթէ մարդկանց եւ հրեշտակների լեզուներով խօսիմ, բայց սէր չ’ունիմ, ես եղայ ձայն հանող պղինձ, կամ հնչեցող ծնծղայ։ Եւ եթէ մարգարէութիւն ունենամ, եւ գիտենամ ամեն խորհուրդները եւ ամեն գիտութիւնը. Եւ եթէ ամեն հաւատքն ունենամ, մինչեւ սարերն էլ տեղափոխելու, բայց սէր չ’ունիմ, ոչինչ եմ։ Եւ եթէ իմ ամեն ապրանքներն աղքատներին ուտեցնեմ եւ իմ մարմինը մատնեմ որ այրուի, բայց սէր չ’ունիմ, ես ոչինչ օգուտ չեմ ունենալ։ Սէրը երկայնամիտ է՝ քաղցր է. Սէրը չէ նախանձվում, չէ գոռոզանում, չէ հպարտանում։ Չէ լրբանում, իրը չէ որոնում, չէ գրգռվում, չարը չէ մտածում. Անիրաւութեան վերայ չէ ուրախանում, բայց ուրախանում է ճշմարտութեան հետ. Ամեն բանի դիմանում է. Ամեն բան հաւատում է, ամեն բանի համար յոյս ունի, ամեն բանի համբերում է։ Սէրը երբէք չի վերջանալ. Եթէ մարգարէութիններ կան՝ կ’խափանուին. Եթէ լեզուներ՝ կ’լռեն. Եթէ գիտութիւն՝ կ’խափանուի։
Որովհետեւ փոքր ի շատէ գիտենք. Եւ փոքր ի շատէ մարգարէանում ենք։ Բայց երբոր կատարեալը գայ, այս փոքր ի շատէն կ’խափանուի։ Երբոր երեխայ էի՝ երեխայի պէս էի խօսում, երեխայի պէս էի մտածում, երեխայի պէս էի համարում. Բայց երբոր մարդ եղայ, այն երեխայութեան բաները խափանեցի։ Որովհետեւ հիմա հայելու մէջ օրինակով ենք տեսնում, բայց այն ժամանակ դէմադէմ. Հիմա փոքր ի շատէ եմ տեղեակ, բայց այն ժամանակն այնպէս կ’գիտենամ՝ ինչպէս գիտեցուած եմ։ Ապա ուրեմն մնում է հաւատք, յոյս, սէր. Այս երեքը, եւ սորանցից մէծը սէրն է։
Ա Կորնթացիս 13 գլուխ