Մոր մահից հետո Սունդարն ավելի ագրեսիվ դարձավ և ավելի հակադրվեց քրիստոնեությանն ու Աստվածաշնչին: Մի օր աշակերտների ներկայությամբ նա պատռեց ու այրեց Աստվածաշունչը՝ հայտարարելով, որ նրանում գրված ամեն ինչ սուտ է: Նա բացահայտ ատելությամբ էր վարվում նաև քրիստոնյաների՝ ուսուցիչների ու միսիոներների հետ՝ ծաղրելով և անպատվելով նրանց: Դրան զուգահեռ նա ամեն կերպ ջանք էր գործադրում գտնել խաղաղությունը: Տասնհինգ տարեկանում տղան ոչ միայն քաջատեղյակ էր կրիշնայական «Բհագավագիտային», հինդուիստական «Վեդաներին», «Գրանթին» այլև Ղուրանին, բայց հոգու խաղաղություն չէր գտնում: Ինչքան նա բացում էր Աստվածաշունչը և կարդում, այնքան իրեն կողոպտված ու փոթորկված էր գտնում:
Մի օր նա հոր ներկայությամբ ծվեն-ծվեն արեց Աստվածաշունչը և կրակը նետեց՝ ասելով. «Այս գիրքն ինձ խենթացնում է, պետք է ոչնչացնել արևմուտքի կրոնը»: Երեք օր անց նրա գլխում մի միտք ծագեց՝ վերջ տալ կյանքին: Խոր հուսահատության մեջ նա որոշեց, որ վերջին անգամ կաղոթի Աստծուն, և եթե Աստված տեսանելիորեն չհայտնվի իրեն, ապա ինքնասպան կլինի՝ իրեն գնացքի տակ գցելով: Նա մտածում էր. «եթե այստեղ խաղաղություն չի գտնում, գուցե այնտեղ՝ հանդերձյալ կյանքում գտնի»: Նա համոզված էր, որ Քրիստոսը հաստատ չի հայտնվի իրեն, քանի որ չկարողացավ ազատել Ինքն իրեն, ապա ինչպես կարող է օգնել մեկ ուրիշին:
Այսպիսով՝ 1904 թվականի դեկտեմբերի 18-ին՝ երեկոյան, նա հրաժեշտ տվեց հորը՝ ասելով. «Մնաս բարով, հա՛յր, այլևս ինձ ողջ չես տեսնի, վաղը ինձ մեռած կգտնես»: Երբ հայրը սարսափած հարցրեց՝ ինչու, երիտասարդ Սունդարը պատասխանեց. «Ոչ կրոններն ինձ հանգիստ տվեցին, ոչ հարստությունն ու կրթությունը, ոչ էլ աշխարհի որևէ հաճույքը»: Հայրը լուրջ չընդունեց որդու հայտարարությունը՝ մտածելով, որ դա հուսահատության և ճգնաժամի հերթական պահ է:
Սունդարը անկողին մտավ՝ առավոտյան ժամը հինգին գնացքի տակ նետվելու հաստատ մտադրությամբ: Բայց ահա դեռ հինգը չեղած նա արթնացավ, առանց անհանգստության նշույլի սառը լոգանք ընդունեց՝ ըստ սինգհիզմի կանոնների, վերադարձավ սենյակ, աղոթքի իջավ և շատ լուրջ, աչքերը դեպի երկինք ուղղած և բառերը հատ-հատ շեշտելով՝ դանդաղ արտաբերեց. «Ո՛վ Աստված, եթե Դու իսկապես գոյություն ունես, և եթե ես Քեզ համար որևէ բան արժեմ, խնդրում եմ, անձնապես հայտնվիր ինձ և ցույց տուր Քեզ, որպեսզի ճանաչեմ, թե ով ես Դու, և Քեզ մոտ գալու ճիշտ ճանապարհ ցույց տուր ինձ: Եթե Դու չհայտնես Քո անձը, և եթե ես չտեսնեմ Քեզ, ապա ինքնասպան կլինեմ: Ես շատ եմ հոգնել, և եթե Դու կաս, ապա տեսնում ես իմ վիճակը: Պատասխանի՜ր ինձ»:
Առաջին րոպեներին ոչինչ չկատարվեց: Նա խորը հուսահատության մեջ ընկավ, կախեց գլուխը և անընդհատ նույն աղոթքն էր կրկնում՝ ավելի հաստատակամ խոսելով իր ինքնասպանության մասին: Նա նայեց ժամացույցին. գնացքի անցնելու ժամը մոտենում էր: Նա գլուխը կախ վերջին անգամ կրկնեց աղոթքը և լիովին հուսահատված փորձեց տեղից վեր կենալ: Բարձրացրեց գլուխը, բացեց աչքերը և անակնկալի եկավ: Սենյակի կենտրոնում իր առջև նա պայծառ լույսի ուղղաձիգ շող նկատեց: Նայեց դուրս. դեռ խավար գիշեր էր: Համոզվելու համար դուրս եկավ, և երբ վերադարձավ, լույսն ավելի էր պայծառացել և տարածվել ողջ սենյակով: Նա մի պահ վախեցավ՝ կարծելով, թե հրդեհ է, բայց հասկացավ, որ հրդեհի լույսը այդպես ճերմակ ու կանգուն չի լինում: Վերջապես սենյակը լրիվ լուսավորվեց: Սունդարը, կանգնած անստվեր լույսի մեջ, սկսեց գիտակցել, որ դա իր աղոթքի պատասխանն է: Նա փորձեց ավելի ուշադիր նայել լույսի կենտրոնին, բայց չկարողացավ: Նրա մտքի մեջ արագ հերթագայեցին կրոնների առաջնորդները: Մի քանի վայրկյան հետո, երբ ընտելացավ շլացուցիչ լույսին, կենտրոնում հստակ տեսավ Հիսուս Քրիստոսին: Նա չկարողացավ զսպել զարմանքն ու բացականչեց՝ ի՜նչ: Սունդարը զարմացավ, որ չտեսավ ավանդական աստվածներից մեկին: Նա ուշադիր նայեց Քրիստոսի հայացքին, աչքերին: Քրիստոսից աննկարագրելի ուրախություն, խաղաղություն և սեր էր ճառագում: Քրիստոսն անսահման սիրով նայում էր Սունդարին ու քիչ անց հնդկերենով հարցրեց. «Ինչո՞ւ ես հալածում ինձ: Չէ՞ որ Ես մեռա ու հարություն առա քեզ համար»: Սունդարը թեև անմիջապես չհասկացավ, թե ինչի մասին է խոսքը, բայց գիտակցեց, որ Քրիստոսը ողջ է, Նա կենդանի անձնավորություն է, խոսում է և հիմա իր առջև է: Նա զգում էր, որ Քրիստոսի խոսքերի մեջ բարկության կամ մեղադրանքի նշույլ անգամ չկա: Սունդարն այնուհետև նկատեց Քրիստոսի՝ դեպի իրեն պարզված ձեռքերի սպիները: Նա անմիջապես երկյուղածությամբ ծունկի իջավ Քրիստոսի առջև, զղջման, բայց նաև ուրախության արցունքներով լցված աչքերը հառեց Հիսուսին և ասաց. «Ների՜ր ինձ»: Այնուհետև նրա սիրտը այնպիսի վերմարդկային սիրով, ջերմությամբ, խաղաղությամբ ու ցնծությամբ լցվեց, որ մինչ այդ երբեք չէր զգացել: Նա գլուխը մինչև հատակ խոնարհեց և բերանքսիվայր երկրպագեց Հիսուսին: Քիչ անց, երբ Սունդարը գլուխը բարձրացրեց, լույսն արդեն աներևույթացել էր: Քրիստոսը տեսանելիորեն չէր երևում, բայց Նրա ուրախությունն ու խաղաղությունը ավելի էին լցնում Սունդարին և մինչև կյանքի վերջը չլքեցին նրա սիրտը:
Նա ոտքի կանգնեց և լսեց դղրդոցով անցնող գնացքի սուլոցը: Նա հասկացավ, որ իր կյանքը անվերադարձ փոխված է, և ինքը հիմա ուրիշ մարդ է, լիովին նոր ծնված մարդ: Նա անմիջապես վազեց հոր սենյակը, արթնացրեց նրան և շատ սիրով ու մեղմությամբ ասաց. «Հայրի՛կ, ես տեսա կենդանի ու միակ Աստծուն՝ Քրիստոսին: Նա տվեց ինձ Իր խաղաղությունը: Ես հիմա շատ երջանիկ եմ: Այսուհետ ես Նրան եմ հետևելու, ես քրիստոնյա եմ դարձել, հայրի՛կ»: Հայրը, լիովին չհասկանալով որդու խոսքերը, ընդհատեց նրան. «Գնա քնիր, տղա՛ս, խելագարվե՞լ ես, ի՞նչ է, մի քանի օր առաջ Աստվածաշունչն այրեցիր, իսկ հիմա քրիստոնյա՞ ես դարձել»: Սունդարը պատասխանեց. «Այդ ամենը ճիշտ է, հայրի՛կ, բայց Նա ներեց ինձ: Ես անձամբ տեսա Նրան և Նրան ծառայելու որոշում ընդունեցի»: Հայրը, ասես սթափվելով, հարցրեց. «Բայց երեկ գիշեր դու մեռնել էիր ուզում»: Սունդարը խաղաղ պատասխանեց. «Այո՛ ես մեռա: Ես մեռա բոլոր կրոնների, աշխարհի, հաճույքների, հարստության ու ցանկությունների համար»: Հայրը շարունակեց. «Կատարվածը հավանաբար երևակայությանդ արդյունքն է»: Սունդարը պատասխանեց. «Ո՛չ, ես Նրան չէի սպասում, դա ոչ երևակայություն է, ոչ էլ երազ, որովհետև դա կատարվեց սառը լոգանքից հետո»: Հայրը, կարծես գիտակցելով կատարվածի իսկությունը, ասաց. «Գնա քնիր, վաղը ավելի մանրամասն կխոսենք, բայց ոչ ոքի չասես այդ մասին, ոչ ոքի, լսեցի՞ր»: շարունակությունը