Մի վախենար, որովհետեւ ես քեզ փրկել եմ, քո անունովը կանչել եմ, թե դու իմն ես։ Երբոր ջրերիցն անցնես, ես քեզ հետ եմ, եւ եթե գետերովը՝ նրանք քեզ չեն ողողիլ. երբոր գնաս կրակի միջովը, չես այրվիլ, եւ բոցը քեզ պիտի չվառե։ Որովհետեւ ես Տերս քո Աստուածն եմ ։ Եսայիա 43:1-3
դիտեք՝ www.a1plus.am
Այն ամենը, ինչ կատարվեց ինձ հետ 2012թ. հոկտեմբերի 22-ին, ես երբեք չեմ կարող մոռանալ և ուզում եմ այդ մասին վկայել Աստծու փառքի համար:
Երբ աշխատանքի բերումով ես Երևանի “Այրարատ” տոնավաճառի դիմաց գտնվող Լունապարկում էի (մասնագիտությամբ նկարիչ-դիզայներ եմ, նկարում եմ կարուսելների վրա), կարուսելներից մեկի վերանորոգման ժամանակ երկաթյա գունդը (մոտ 200կգ), ընկնելով, հարվածեց գլխիս: Այդ հարվածից ես մահացա, որովհետև իմ հոգին դուրս էր եկել մարմնիցս և մոտ երկու մետր բարձրությունից ես տեսնում էի տեղի ունեցող ամեն ինչ, նաև ընկած մարմինս` կոտրված ու արնաշաղախ գլխով: Տեսա, թե ինչպես էին մարդիկ խառնվել իրար, ոմանք շփոթված ու վախեցած նայում էին այդ տեսարանին: Ես տեսա Հիսուսին, որ գալիս էր իմ կողմը: Մտածում էի` երևի Հիսուսը եկել է իմ հոգու համար, ու երբ Նա ձեռքը մեկնեց ինձ, ես ձեռքս Նրան տվեցի, և Հիսուսն ինձ վեր բարձրացրեց:
Մարմինս տանում էին հիվանդանոց: Այդ ժամանակ ես մարմնի մեջ չէի և ոչ մի ցավ չէի զգում, մտածում էի, որ ինձ մոտ արդեն ամեն ինչ լավ է: Ես չգիտեի, թե ուր է տանում ինձ Հիսուսը, և ուզում էի տուն գնալ: Բայց Հիսուսը, ձեռքս բռնած, ինձ փողոցով դեպքի վայրից տանում էր հիվանդանոց: Ես հիշում եմ Հիսուսի ձեռքերը, որ մեկնեց ինձ. Նրա երկու ձեռքերի վրա էլ կային մեխերի տեղերը, իսկ ճակատին փշե պսակի հետքերն էին: Ես փորձում էի ձեռքս քաշել Նրա ձեռքից, խնդրում էի, որ ինձ չտանի հիվանդանոց, քանի որ չէի պատկերացնում, թե ինչ վատ վիճակում եմ, և եթե Հիսուսը ձեռքս թողներ` կմեռնեի: Հիսուսը հարցրեց, թե ինչու եմ ես վախենում: Ես պատասխանեցի, որ վախենում եմ՝ բժիշկներն ինձ ցավեցնեն: Նա ասաց, որ հանգիստ լինեմ, Ինքը չի թողնի, որ որևէ մեկն ինձ ցավեցնի:
Վերջապես հասանք հիվանդանոց: Այնտեղ կային շատ բժիշկներ, պահակներ, որոնք մարդկանց չէին թողնում մտնել այդ բաժանմունք: Երբ մենք անցնում էինք նրանց կողքով, նրանք նայում էին մեր կողմը, բայց մեզ չէին տեսնում: Մենք անցանք նրանց կողքով ու մտանք ներս: Մտանք ամբողջովին սպիտակ, ոչ շատ մեծ մի սենյակ: Սենյակում շատ մահճակալներ կային: Հիսուսն ինձ տարավ մի մահճակալի մոտ և պառկեցրեց սպիտակ սավանի վրա: Ես ինչ որ մտածում էի, Նա հասկանում ու պատասխանում էր ինձ: Այդ պահին մտածեցի` ինչպե՞ս է լինելու իմ վիրահատությունը, ներսում ո՛չ բժիշկ կա, ո՛չ բուժքույր, ո՛չ էլ վիրահատական գործիքներ: Մտածեցի` երևի մի հրաշք կանի, և ես անմիջապես կառողջանամ: Բայց Նա ձեռքով նշան արեց, և սենյակ մտան մոտ 50 հոգի (թիվը ստույգ չեմ կարող ասել): Դրանք հրեշտակներ էին` երկար սպիտակ խալաթներ հագած, նրանց դեմքերը լուսափայլ էին ու շատ մաքուր: Նրանց բոլորի ձեռքերին ծղոտե տուփեր կային: Նրանք բացեցին այդ տուփերը, որոնց մեջ կային բազմաթիվ գործիքներ, որոնց նմանը երբեք չէի տեսել: Հիսուսն սկսեց վիրահատությունը: Նա միայն նայում էր հրեշտակների դեմքերին, և նրանք հասկանում էին` ինչ էր անհրաժեշտ Հիսուսին: Երևի այդ վիրահատությունը տևեց մոտ 15-20 րոպե, այդ ընթացքում իմ հոգին մարմնիցս վերև էր կանգնած ու նայում էր, թե ինչ է կատարվում այդտեղ: Երբ Հիսուսը վերջացրեց, հոգիս ետ մտավ մարմնիս մեջ: Ես հարություն առա ու այդ ժամանակ ցավ զգացի. մինչ այդ ոչ մի ցավ չէի զգում: Այդ պահին, երբ ցավ զգացի, մտածեցի, որ լավ կլիներ՝ գոնե անզգայացներ ինձ, որպեսզի ցավ չզգայի: Երբ ես միայն մտածում էի այդ մասին, Նա նայեց դեմքիս, ու ամեն ցավ վերացավ: Հիսուսը միայն նայում էր դեմքիս ու ժպտում: Ես էլ նրա դեմքին էի նայում ու ժպտում: Այդ պահից ես բոլոր ցավերս մոռացա, էլ ոչ մի բան չէի զգում: Երբ Հիսուսը վիրահատությունն ավարտեց, քուն եկավ վրաս, և ես քնեցի: Երբ արթնացա, կողքիս ոչ ոք չկար: Տեսա միայն բժիշկներին, որ զրուցում էին: Նրանք չգիտեին, որ ես գիտակցության եմ եկել, քանի որ մտածում էին, որ չեմ ապրի կամ, լավագույն դեպքում, գիտակցության չեմ գա: Բժիշկները խոսում էին վիրահատություն անելու մասին, բայց վստահ չէին, որ դրանից հետո ես կապրեմ: Նրանց չէր էլ կարելի մեղադրել, քանի որ նրանք վստահ չէին իրենց ուժերին: Աստված ինձ ցույց տվեց, որ ինձ կյանք տվողը ոչ թե նրանք են, այլ Ինքը, այսինքն` իմ կյանքն ինձ տվել է Հիսուսը: Երբ բժիշկները մոտեցան ինձ ու զննեցին, նրանցից մեկն ասաց, որ ես չեմ ապրի, մյուսն էլ ասաց, որ ամենաշատը 2-3 օր կապրեմ, իսկ եթե ապրեմ էլ, անպայման մեծ խնդիրներ կունենամ, քանի որ ամեն ինչ կապված է ուղեղիս հետ:
Ս.Ղազարյանի գանգի վնասվածքի նկարը՝ կատարված հիվանդանոցում, համակարգչային շերտանկարահանմամբ (տոմոգրաֆիա) |
Բայց անգամ նրանց խոսքերը լսելով` ես չվախեցա, որովհետև տեսել էի այն ամենը, ինչ Հիսուսն էր արել այդտեղ: Ես չէի կարողանում խոսել, բայց ուզում էի վեր կենալ մահճակալից ու նրանց պատմել, թե ինչ է արել Հիսուսը և մտածում էի, որ նրանք էլ անպայման կհավատան:
Երբ արդեն արթնացել էի, բժիշկներն ինձ պատմում էին, որ երբ հավատացյալներից կամ հարազատներիցս որևէ մեկը մտնում էր ինձ մոտ՝ ինձ համար աղոթելու, սարքի վրա երևում էր, որ սրտիս աշխատանքն արագանում է: Բժիշկներն ասում էին, որ նման բան չէին տեսել` դեղորայքային կոմայի մեջ գտնվող մարդն զգա իր մոտ մտած հարազատների ներկայությունը: Դեղորայքային կոմայից ես արթնացա 10 օր հետո: 16-րդ օրն ինձ տեղափոխեցին պալատ: Երբ ես պալատում էի, Աստված Իր Խոսքով խոսեց ինձ հետ. «Նեղ դռնէն ներս մտէք. վասն զի լայն է այն դուռը ու ընդարձակ՝ այն ճամբան, որ դէպի կորուստ կը տանի. և շատուոր են անոնք որ անկէ կը մտնեն: Վասն զի նեղ է այն դուռը ու նեղուացք է այն ճամբան, որ դէպի կեանք կը տանի. և քիչուոր են անոնք որ զանիկա կը գտնեն» (Մատթէոս 7.13-14):
20-րդ օրը, երբ կոկորդիցս հանեցին շնչառական խողովակները, ես սկսեցի խոսել, թեև, ըստ բժշկական պրակտիկայի, ես պետք է խոսեի 5-6 ամիս հետո:
Ինձ պալատ տեղափոխելուց հետո պրոֆեսոր Ռ.Ֆանարջյանը ծնողներիս ասել էր, որ իր 29 տարվա աշխատանքային պրակտիկայում նման բան չի տեսել, և որ սա իսկական հրաշք է:
25-րդ օրը ես արդեն տանն էի: Հիմա ես և՛ քայլում եմ, և՛ խոսում, ու ոչ մի խնդիր չունեմ: Այս դեպքից հետո մտածում էի, թե ինչո՞ւ այս ամենը եղավ ինձ հետ...: Շարունակությունը կարդացե՛ք ԲԱՐԻ ԼՈՒՐ ամսաթերթի 2012 թվի դեկտեմբեր ամսվա համարում: