Մարդիկ մտածում են, որ մեռելների հարություն առնելը բոլոր հրաշքներից ամենամեծն է: Սակայն Ագրիպպա արքային դիմելով՝ Պողոս առաքյալն ասաց. «Ի՞նչ, չհավատալու՞ բան է թվում ձեզ, որ Աստված մեռելներին հարություն է տալիս» (Գործք.26:8): Վիգլսվորթի սպասավորության մեջ ևս մեռելների հարության տասնչորս դեպք գիտեմ: Երբեմն նա աղոթում էր, բայց ավելի հաճախ Խոսքն էր խոսում: Ահա նկարագրեմ մեռելների հարության երկու դեպք:
Վիգլսվորթն այցելեց մի տուն, որտեղ ընտանիքը սուգի մեջ էր հնգամյա փոքրիկ տղայի կորստյան պատճառով: Այն օրերին մահացած մարդուն չէին ընդունում թաղման տուն, ինչպես որ հիմա է արվում. սովորությունն այն էր, որ մարմինը պահում էին տանը, ուր այցելում էին բարեկամները՝ վերջին անգամ հարգանքի տուրքը մատուցելու և ցավկցություն հայտնելու:
Վիգլսվորթը կանգնել ու նայում էր դագաղի մեջ պառկած տղային այն պահին, երբ հայրը ծածկոցն էր վերցնում մահացածի դեմքից: Արցունքները հոսեցին Վիգլսվորթի այտերով, երբ նա, ի դեմս անմեղ դեռատի զոհի մահվան, տեսավ մեղքի կործանիչ գործը: Նա հորը խնդրեց՝ իրեն թողնել սենյակում: Հոր ետևից փակեց դուռը, ապա տղայի անշունչ մարմինը դուրս բերեց դագաղից ու հենեց սենյակի անկյունին: Վիգլսվորթը Տեր Հիսուսի անվամբ խոսեց մահվանն ու հրամայեց թողնել իր զոհին: Սքանչելի հրաշք կատարվեց, մանուկը վերադարձավ կյանքին: Երբ Վիգլսվորթը տղայի մարմինը դուրս էր բերում դագաղից, արդյունքի վրա նա չէր կասկածում:
Մի այլ անգամ իմ մի թանկագին բարեկամը, որը եկեղեցու հովիվ էր Անգլիայում և Վիգլսվորթի մտերիմն էր, պատմեց ինձ այն մասին, թե ինչպես իրենց մոտ մի մարդ էր մահացել: Վիգլսվորթին կանչել էին այնտեղ: Երբ Վիգլսվորթը աղոթել էր, մարդը մեռած տեղից հարություն էր առել: Բայց կյանքի վեռադառնալուց հետո էլ նա տառապում էր հիվանդությամբ, որը կարող էր սպանել նրան: Վիգլսվորթն ընտանիքի անդամներին ասաց, որ եթե նրանք դարձի չգան և ընտանիքում չվերականգնեն ճիշտ հարաբերություններ՝ մարդը նորից կմեռնի: Եվ արդյունքում ընտանիքը դարձի եկավ: Վիգլսվորթն աղոթեց նրա համար, և Տերը բժշկեց այդ մարդուն, որն ապրեց ևս երեսուն տարի: