Եփրեմ Ասորի. Երանիներ

Եփրեմ Ասորի
Ծնվել է, հավանաբար, չորրորդ դարի սկզբներին, Մծբինում` Միջագետքի հյուսիս-արևելյան մասի գլխավոր քաղաքում կամ նրա մերձակայքում:

Աղոթք
Ա
Տե՛ս, Տե՛ր, իմ տառապանքները և բազմամեղ հոգուս ցավերը, դարձի՛ր, ների՛ր և դեպի Քե՛զ առաջնորդիր, ինչպես որ ասացիր. «Դարձե՛ք դեպի Ինձ, և Ես կդառնամ դեպի ձեզ»:

Բ
Ողորմի՛ր ինձ` լքվածիս, օգնի՛ր եղկելիիս, ճառագայթի՛ր խավարյալիս, առաջնորդի՛ր մոլորյալիս, որ լի եմ մեղքերով ու անթիվ հանցանքներով և տարուբերվելով ծփում եմ անօրենության հորձանուտում:
Գ
Ձե՛ռք մեկնիր ինձ, ինչպես Պետրոսին. մաքսավորի պես արդարանալ եմ աղերսում:

Դ
Շնորհի՛ր, ինչպես ավազակին, բա՛ց արա ինձ կենաց ճանապարհի և մեծ արքունական առագաստի դուռը:

Ե
Ո՜վ խորք մեծության և իմաստության, ընդունի՛ր բռնվածիս, որ մեղքերով ընկել եմ ծովի խորքը: Պահպանի՛ր ու զորացրո՛ւ ինձ, որ Քո կամքը գործեմ, զօր ու գիշեր սգամ և լամ իմ ողջ անօրինության ու հեղգության համար:

Զ
Աղբյո՛ւրդ կենդանության, հագեցրո՛ւ ծարավ հոգիս Քո առատաբուխ վտակից, որ ցամաքած տոչորվում եմ իմ բազում անօրենություններից: Ցնցի՛ր քարացած սիրտս և ինձնից ապաշխարության արտասուք քամիր:

Է
Գա՛նձդ ամենայն բարության, դույզն-ինչ շնորհի՛ր ինձ Քո առատ բարիքներից, որոնցից չարաչար աղքատացած ու մերկացած եմ. զգեստավորի՛ր ու կերակրի՛ր ինձ ապաշխարության արցունքներով:

Ը
Լո՛ւյս ճշմարիտ Քրիստոս, որ լուսավորում ես ամեն մարդու. լուսավորի՛ր մեղքերով խավարյալիս:

Թ
Տե՛ր, մի՛ դատիր և մի՛ դատապարտիր ինձ ըստ իմ անբավ զազիր գործերի և մի՛ կարգիր ինձ նրանց հետ, ովքեր զայրացրին Քեզ, այլ փառավորի՛ր փառավորյալների հետ և պսակի՛ր պսակյալների հետ և ուրախացրո՛ւ բերկրյալների հետ:

Ժ
Արժանի չեմ, Տե՛ր, բայց հույս եմ դնում Քո ողորմության վրա, քանզի շներն էլ կերակրվում իրենց տիրոջ սեղանից ընկած կերակրի փշրանքներով: Շո՛ւն կոչիր ինձ, Տե՛ր, որպեսզի գամ Քո ետևից: Հովի՛վ բարի, փնտրի՛ր ինձ` մոլորյալիս: Նավապե՛տ իմ Հիսո՛ւս, փրկի՛ր ինձ մեղքերիս ալեծուփ բազմությունից և տո՛ւր ինձ խաղաղության նավահանգիստը:

ԺԱ
Տո՛ւր ինձ, Տե՛ր, սուգ և արտասուք, զորացրո՛ւ մարմինս, կաղկեցրո՛ւ իմ քարացած սիրտը ու հավաքի՛ր մտքերս դեպի Քեզ: Ջնջի՛ր հանցանքներիս բազմությունը և շնորհի՛ր ինձ իմ [հոգու] շահը: Ընդունի՛ր ու մի՛ անտեսիր սրտիս հառաչանքները:

ԺԲ
Իմաստությո՛ւն տուր ինձ, Տե՛ր, և հաստատի՛ր, իմ սրտում Քո ահն ու երկյուղը:
Լուսավորի՛ր խորհուրդներս, կարո՛ղ դարձրու մարմինս հարաժամ ժուժկալությամբ մնալու Քո պատվիրանի մեջ:

ԺԳ
Բա՛ց արա, Տե՛ր, սրտիս աչքերը և լուսավորի՛ր միտքս Սուրբ Հոգովդ: Պարգևի՛ր ինձ առողջ խորհուրդներ ու առաքինի վարք, որ հանապազ ողբամ և ահ ու դողով ամեն ժամ Քո առջև մնամ անզբաղ:

ԺԴ
Ո՜վ բարերար և մարդասեր Տեր, առանց չարչարանքների ու ժուժկալության ինչպե՞ս ազատվեմ իմ մեղքերի բազմությունից, քանզի մարմնով տկար եմ և հոգով` խավար: Ողորմի՛ր, Տե՛ր, և օգնի՛ր ինձ` ըստ Քո կամքի:

ԺԵ
Անոխակա՛լ Տեր, մի՛ անտեսիր ինձ բազում չարիքներիս պատճառով, այլ դարձի՛ր դեպի ինձ, բոլոր ցանկություններս դարձրո՛ւ դեպի Քեզ, որպեսզի միայն Քեզ սիրեմ ամբողջ սրտով ու պարզ, անպաճույճ մտքով:

ԺԶ
Քո անխուսափելի գալուստը պատկերի՛ր աչքերիս առջև, Տե՛ր, և դողացրո՛ւ մարմինս որ անդադար լամ ու սգամ Քո ահեղ դատաստանի երկյուղից, և մի՛ փակիր Քո արարչական սիրո գութը Քո ստեղծածից, որ մեռած է մեղքերով:

ԺԷ
Տո՛ւր ինձ, Տե՛ր, ամենայն ժամ բարին գործել և խափանի՛ր իմ չար մտքից բոլոր չարիքները, ե՛տ պահիր ինձ պիղծ ու անխրատ ընթացքից ու չար սովորությունից և հաստատի՛ր Քո պատվիրանների երկյուղի ու սիրո մեջ:

ԺԸ
Արեգա՛կդ արդարության` փրկի՛չ իմ և ազատի՛չ Հիսո՛ւս Քրիստոս, Քո լույսին եմ ապավինում. լուսավորի՛ր ու ջերմացրո՛ւ սիրտս: Հրկիզի՛ր իմ չար խորհուրդները և հալեցրո՛ւ մեղքերիս սառնամանիքը: Գարո՛ւն շնորհիր հոգուս, Տե՛ր, որ [այն] ծաղկի և պտղաբերի արդարության պտուղը:

ԺԹ
Ազատի՛չդ Քրիստոս, ազատի՛ր ինձ ձմեռային մեղքերի դառնաշունչ հողմերից, պայծառացրո՛ւ և ջերմացրո՛ւ խավարած ու սառած հոգիս և ցողի՛ր Քո շնորհի ջերմության ցողը սրտիս խորհուրդների անդաստանում:

Ի
Տե՛ր, փչի՛ր Սուրբ Հոգուդ շնչի հարավային քաղցր զեփյուռը իմ խստացած և թանձրացած սրտի վրա և Քո որոտընդոստ փայլատակմամբ զարթնեցրո՛ւ իմ սառնացած ու ցամաքացած միտքը:

ԻԱ
Բա՛ց արա, Տե՛ր, սրտիս փակված դուռը և ծագեցրո՛ւ իմ ներսում Քո արդարության ճառագայթների լույսը: Սրբի՛ր մեղքի աղտերից ու բժշկի՛ր հոգուս վերքերը: Ամրացրո՛ւ Քո երկյուղով և զորացրո՛ւ որ արդարություն գործեմ ամենայն ժամ:

ԻԲ
Արտասուքի աղբյո՛ւր դարձրու գլուխս, Տե՛ր, լվա՛ իմ հոգու թարախը, սրբի՛ր զգայարաններս: Եվ չար գործերս փոխարկի՛ր զղջման, որպեսզի ջերմ սիրով ու զգաստ մարմնով ապրեմ` ըստ Քո պատվիրանների:

ԻԳ
Տե՛ր, մեկնի՛ր Քո ձեռքը նավաբեկյալիս, որ ընկղմված եմ չարիքների խորքերը, փրկի՛ր ինձ մեղքերիս ալիքների մրրկածուփ բռնությունից: Սանձի՛ր, Տե՛ր, և կասեցրո՛ւ իմ անսանձ միտքը կենցաղի զբաղմունքներից ու ունայնություններից:

ԻԴ
Տե՛ր, հագեցրո՛ւ հոգուս ծարավը Քո առատաբուխ շնորհով և մի՛անտեսիր սրտիս տոչորումը: Պապակում եմ չարիքներիս տապից. զովացրո՛ւ և լվա՛ իմ ապականված ու հոտած շուրթերը Քո ողորմության ջրով:

ԻԵ
Ծագեցրո՛ւ իմ սրտում, Տե՛ր, Քո շնորհների լուսավորությունն ու խաղաղությունը: Հալածի՛ր մտքիցս մեղքերի ցավագին գիշերը և արի վա՛րք շնորհիր մարմնիս` առաքինությամբ ապրելու Քո կամքի համաձայն: Հանի՛ր իմ սրտից մեղքերի փուշը, քանզի հոգիս վիրավորվում է չարաչար, և իմ սրտում բարի՛ն սերմանիր, որ աճեցնի ու արդարություն պտղաբերի:

ԻԶ
Հալածի՛ր, խավարն իմ հոգուց, Տե՛ր, և հագցրո՛ւ Քո արդարության ճառագայթների լույսը: Զարդարի՛ր սիրտս երկյուղով, զղջմամբ ու արտասուքով, որ երկնչեմ Քո դատաստաններից և պահեմ բոլոր պատվիրաններդ:

ԻԷ
Արթնացրո՛ւ ինձ, Տե՛ր, մեղքերիս քնի ահավոր խորությունից և զգաստացրո՛ւ իմ երերուն մարմինը բոլոր բարի գործերի մեջ, որ միշտ բարին խորհեմ ու մեծ երկյուղով Քո կամքը գործեմ ամենայն ժամ: Ազատի՛ր ինձ, Տե՛ր, մեղքերի ծառայությունից և դասի՛ր Քո ծառաների շարքում, ովքեր սիրեցին Քեզ և պահեցին Քո պատվիրանները: Տո՛ւր իմ սրտին նրանց երկյուղը և ուսուցանի՛ր, որ գնամ նրանց շավղով:

ԻԹ
Թեթևացրո՛ւ մարմնիս կարիքները և առատացրո՛ւ իմ մեջ Սուրբ Հոգուդ շնորհները, որ լինեմ տաճար և բնակարան Քո աստվածային փառքի, անհագորեն սիրեմ Քեզ ու ատեմ ամենայն ցանկություն և այս աշխարհի սերը, որով եղավ հոգուս կորուստն ու մահը:

Լ
Ողորմի՛ր, Տե՛ր, այս անբնակ անապատում ապրողիս, ինչով և արժանացրո՛ւ ինձ միավորվել առաջին Սուրբ Հայրերի հետ և արի ու զգաստ ժուժկալությամբ ժառանգել խոստացված պարգևները:

ԼԱ
Առաջնորդի՛ր ինձ, Տե՛ր, նեղ և նուրբ ճանապարհով, ինչպես որ առաջնորդեցիր Քո սուրբերին, ու զորացրո՛ւ տկարիս, որ ժուժկալությամբ, համբերությամբ և ջերմեռանդ սրտով ընթանամ Քո ճանապարհով:

ԼԲ
Տե՛ր, նայի՛ր, իմ նեխած ու թարախած հոգուն և լվա՛ աստվածային ջրով: Համեմի՛ր Քո հոգևոր աղով, օծի՛ր անուշահոտ սուրբ յուղովդ ու կատարյալ առողջություն ընձեռի՛ր:

ԼԳ
Նվազեցրո՛ւ, աչքերիս քունը, Տե՛ր, և իմ գլխից թոթափի՛ր նիրհը, որ ծուլությամբ ծանրացած` պաշարում է մարմինս: Ամեն ժամ ինձ արթուն ու պատրա՛ստ դարձրու, որ զգաստությամբ և արդարությամբ վարեմ իմ կյանքը:

ԼԴ
Տե՛ս, Տե՛ր, որովայնիս ընդվզումը, որ իմ դեմ զորացած` շարունակ ցանկանում է կերակուր, ըմպելիք ու համեղ խորտիկներ: Սակայն Դո՛ւ հատիր մարմնիս տենչերը, Տե՛ր ամենակարող:

ԼԵ
Եվ քանի որ ցնորված, միտքս պղտոր ու մոլոր շրջում է երկրային կենցաղի հոսանքներում, Դո՛ւ լուսավորիր հոգուս աչքերը, որ անզբաղ ու աներկմիտ, արի և զգաստ ջերմեռանդությամբ գամ Քո աստվածային սիրո ետևից:

ԼԶ
Հալածի՛ր, Տե՛ր, մտքիս խորհուրդներից բոլոր չար ու երկրաքաշ մտածումները, բարիքների արմատը ամուր տնկի՛ր իմ սրտում և հոգուս մեջ պատկերի՛ր շնորհների պտուղը:

ԼԷ
Աղաչում եմ, բարերար և ողորմա՛ծ Տեր, արթուն ու զգա՛ստ պահիր ինձ, և ուսուցանի՛ր գնալ Քո բարի ճանապարհով, որ արժանի լինեմ Քո մեծ փառքին:

ԼԸ
Եվ քանի որ ճաշակելու ցանկությունը ամբողջապես զբաղեցնում է միտքս, հալածի՛ր ինձնից որկրամոլությունը, որից շարունակ խաբվեցի, և կերակրի՛ր Քո սուրբ երկյուղով:

ԼԹ
Առաքի՛ր Քո սերովբեներից մեկին, Տե՛ր, որ բերելով հրե կայծակը` մոտեցնի իմ շուրթերին և դուրս հանի անօրենություններս, սրբի մեղքերս, մաքրի խորհուրդներս, ջնջի իմ աղտեղությունները և լուսավորի միտքս, որպեսզի հավիտենական կյանքը ժառանգեմ: