Մենք ժամանակի մեջ ենք, և մեզ ժամանակ է տրված: Այդ մասին վկայում և ասում է հենց մեր սիրտը: Խնդրում եմ, այս պահին ձեռքդ դիր սրտիդ. այն բաբախում է, և նայիր ժամանակին, այն գնում է: Երբ սիրտդ կանգնեց՝ քո ժամանակը վերջացավ, այլևս ժամանակ չունես:
Երբ մարդը ծնվում է, նրա համար սկսվում է ժամանակը, սակայն ինչի՞ համար, ապրելու և ստեղծելո՞ւ, չէ՞ որ ոչինչ չենք տանելու մեզ հետ, ապա ինչո՞ւ ենք մենք ապրում: Այս հարցը շատերին է անհանգստացրել:
Մենք ծնվել ու ապրում ենք մեկ բանի համար. որ ընտրենք, թե հավիտենությունը որտեղ պիտի անցկացնենք: Ծնվելու օրվանից ժամանակը սկսում է և ժամանակ է դրվում ընտրության համար: Զարմանալի է, որ սրտի աշխատանքը համապատասխանում է վայրկյանների հետ: Սակայն միշտ հիշենք, երբ մեր սիրտը կանգնեց, մեր ժամանակը վերջանում է: Մենք ջանք չենք թափում, ու չենք աշխատեցնում մեր սիրտը, այլ անկախ մեր կամքից գիշեր ու ցերեկ այն աշխատում է: Նրան ղեկավարում է Աստված:
Հաշտվի՛ր Աստծո հետ, քանզի Նա է մեր կյանքի ղեկավարը: Աստված մեզ ժամանակ է տվել, սակայն այդ ժամանակը մենք ինչպե՞ս ենք օգտագործում: Մենք կանգնած ենք ճակատագրական ընտրության առջև, և այդ ընտրությունը հավիտենության համար է. Դու ընտրե՞լ ես Հիսուսին: Եթե ոչ՝ մի՛ սպասիր, դու դեռ ժամանակ ունես, Հիսուսի ձեռքով ունես հաշտություն Աստծո հետ: Իսկ եթե ընտրել ես Տիրոջը, կարդա՝ Եփեսացիս 5:15-20, և Կողոսացիս 4:5,6