29 <<Այդ օրերի նեղութիւնից անմիջապէս յետոյ, արեգակը պիտի խաւարի, եւ լուսինը իր լոյսը չպիտի տայ, եւ աստղերը երկնքից պիտի ընկնեն, ու երկնքի զօրութիւններ պիտի շարժուեն:
30 Եւ ապա երկնքի վրայ մարդու Որդու նշանը պիտի երեւայ, ու այդ ժամանակ երկրի բոլոր ազգերը լացուկոծ պիտի անեն եւ պիտի տեսնեն մարդու Որդուն, որ գալիս է երկնքի ամպերի վրայով՝ զօրութեամբ եւ բազում փառքով:
31 Եւ նա պիտի ուղարկի իր հրեշտակներին մեծ շեփորով, ու պիտի հաւաքեն նրա ընտրեալներին չորս կողմերից՝ երկնքի ծագերից մինչեւ միւս ծագերը>>:
32 <<Թզենո՛ւց սովորեցէք առակը. որովհետեւ, երբ նրա ոստերը կակղեն, եւ տերեւը ցցուի, կ՚իմանաք, որ ամառը մօտ է:
33 Նոյնպէս եւ դուք՝ երբ այս բոլորը տեսնէք, իմացէ՛ք, թէ մօտ է Նա, դռների առաջ:
34 Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ այս սերունդը չպիտի անցնի, մինչեւ որ այս ամէնը կատարուի:
35 Երկինք եւ երկիր պիտի անցնեն, բայց իմ խօսքերը չպիտի անցնեն>>:
36 <<Բայց այդ օրուայ եւ ժամուայ մասին ոչ ոք չգիտէ. ո՛չ երկնքի հրեշտակները եւ ո՛չ էլ Որդին, այլ՝ միայն Հայրը:
37 Եւ ինչպէս Նոյի օրերն էին, այնպէս պիտի լինի մարդու Որդու գալստեանը.
38 որովհետեւ, ինչպէս որ ջրհեղեղից առաջ եղած օրերն էին, - երբ ուտում էին եւ խմում, կին էին առնում ու մարդու էին գնում, մինչեւ այն օրը, երբ Նոյը տապանը մտաւ,
39 ու նրանք բան չիմացան մինչեւ որ ջրհեղեղը եկաւ ու վերցրեց տարաւ բոլորին, - այնպէս պիտի լինի մարդու Որդու գալստեանն էլ:
40 Այն ժամանակ, եթէ դաշտի մէջ երկու հոգի լինեն, մէկը պիտի վերցուի, եւ միւսը պիտի թողնուի:
41 Եւ եթէ երկու կին աղան մի երկանքի վրայ, մէկը պիտի վերցուի, եւ միւսը պիտի թողնուի:
42 Արթո՛ւն կացէք, որովհետեւ չգիտէք, թէ ո՛ր ժամին կը գայ ձեր Տէրը>>: